![]()
civilnet.am-ը գրում է․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ինը տարի չի ներկայացրել իր գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է ու, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ նրա ամուսինը, որպես փոխկապակցված անձ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Ալումյանի ներկայացրած որևէ հայտարարագիր առկա չէ։ ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել հանձնաժողովին՝ պարզելու, թե ինչ հիմքով Ալումյանը չի ներկայացրել հայտարարագիր և ինչու վարույթ չի սկսվել այս հարցով։ Ի պատասխան՝ հանձնաժողովը հաստատել է, որ Ալումյանը հայտարարագիր չի ներկայացրել, ապա հայտնել, որ գրություն է ուղարկել Ալումյանին՝ պարզաբանումներ ստանալու հայտարարագիր չներկայացնելու հիմքերի մասին։
Ալումյանը մեջբերել է Փաստաբանության մասին օրենքի 25-րդ հոդվածը, որը վերաբերում է փաստաբանական գաղտնիքին ու հանձնաժողովին հայտնել է, որ փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվությունը կարող է չհրապարակել։ Հանձնաժողովը պատասխան գրությամբ Ալումյանին պարզաբանել է, որ նա ունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, ու փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվություն լրացնելու պահանջ սահմանված չէ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայկ Ալումյանի կողմից հանձնաժողովի պարզաբանումը ստանալուց հետո հայտարարագրեր չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կներկայացնի վերջինիս նկատմամբ վարչական վարույթ հարուցելու գործընթաց»,- ՍիվիլՆեթին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց՝ արդեն ծանուցում են ուղարկել փաստաբանին՝ ևս մեկ անգամ ժամկետ տրամադրելով հայտարարագիր ներկայացնելու համար, և դեռ պատասխան չեն ստացել։ Հայտարարագիրը չստանալու դեպքում հանձնաժողովը վարչական վարույթ է սկսելու, որը կարող է հետագայում նաև իրավապահների կողմից քրեական գործ հարուցելու հիմք դառնալ։
Մանրամասները՝ civilnet.am-ում
![]()