Ծառուկյանն իր աշխատողների փողը չէր տալիս, ինչպե՞ս է ասում՝ պետությունը ամեն ընտանիքի 1000 դոլար տա

-Պարո՛ն Հակոբյան, ԲՀԿ-Ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին հանրահավաք են հրավիրել։ Ըստ երևույթին, նրանց նպատակը հանրային դժգոհությունները գեներացնելով ընդդիմադիր հզոր շարժում ձևավորելն ու վարչապետի հրաժարականին հասնելն է։ Իշխանությունը մտածե՞լ է հակաքայլեր։

-Հակաքայլեր անելու կարիք, որպես այդպիսին, չկա, որովհետև ի սկզբանե այդ քայլերը ձախողվելու են, այդ իսկ պատճառով հակաքայլ անելու կարիք չկա։ -Ինչո՞ւ են ձախողվելու։ -Որովհետև կառավարության հրաժարականի հանրային պահանջ այս պահին չկա։

-Բայց, այնուամենայնիվ, Ծառուկյանն այս օրերին հավաքներ է անում և դրանք դատարկ չեն անցնում։ -Թող անեն հավաքներ, թող մարդիկ մասնակցեն, բայց դա չի նշանակում, որ կա լայն հանրային պահանջ վարչապետի կամ կառավարության հրաժարականի։ Դա իրենց կողմից բերված կեղծ օրակարգ է։ Ցավալին այն է, որ իրենք այս ու հոկտեմբերի հանրահավաքը իրենց անձնական շահի նպատակներին են ծառայեցնելու, այսինքն՝ այդտեղ որևէ բան փնտրել պետք չի։ Ամեն մեկն ունի իր մոտիվացիան, բայց ոչ այն քաղաքացիների, ում որ իրենք կտանեն այդ հրապարակ կամ միգուցե լինեն մարդիկ, որոնք ինքնակամ գնան այդ հանրահավաքին; Ցավալին այն է, որ իրենք չեն անում հանրահավաքը այդ քաղաքացիների համար, որոնք գնալու են իրենց հանրահավաքներին, այլ այդ մարդկանց պարզապես օգտագործում են, կանչում են հրապարակ իրենց անձնական շահերը ինչ-ինչ տեղեր պաշտպանելու համար։

-Բայց արդյոք մարդիկ այս ուժերի հետևից չե՞ն գնա։ Կորոնավիրուսի հետևանքով սոցիալական լարվածություն է առաջացել, կա տնտեսական անկում և մարդիկ ամենևին էլ լավ չեն ապրելու այս տարվա ընթացքում։ Գագիկ Ծառուկյանը միլիոնատեր է, հայտարարում է, որ կառավարությունը ամեն ընտանիքի 1000, 2000, 3000 դոլար փող պետք է տար՝ արտաքին պարտքը ուղղելով այդ նպատակին։

-Հարց եք տալիս՝ ասելով, հանրությունը կգնա՞ այս մարդկանց հետևից։ Ըստ իս, հանրությունը պետք է նախ և առաջ իմանա, թե այդ մարդիկ ուր են գնում և ինքը որոշի գնա՞ այս մարդկանց հետևից, թե՝ ոչ։ Ինչի՞ համար են այդ մարդիկ հանրահավաք անում, ի՞նչ օրակարգ ունեն, ՀՀ քաղաքացին պետք է իմանա՝ քաղաքական ուժը ո՞ւր է գնում, այդ ուժերից մեկը կամ երկուսը ՀՀ-ի շահե՞րն են պաշտպանում, թե՞ օտար երկրի շահերն են պաշտպանում, պետք է հանրությունը այդ ամենն իմանա՝ որոշելու համար գնա՞, թե՝ ոչ։ Գագիկ Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձը չէր տալիս, ասում էր պետությունը թող գա իմ աշխատակիցների աշխատավարձը տա, հիմա ինչպե՞ս կարող է այդ մարդը, որ իր աշխատակիցների աշխատավարձը չէր տալիս, ասի էր պետությունը 1000 դոլար տա ամեն ընտանիքի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ