Սամվել Բալասանյանն ու Գյումրու փոխքաղաքապետը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ

Կորոնավիրուսով վարակված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն իրենց լավ են զգում, ընդունում են բժշկի նշանակած դեղորայքը, հսկողության տակ են: Երկուսն էլ բուժումը շարունակում են ստանալ տնային պայմաններում: Աշխատում են հեռավար:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

Քաղաքապետի վարակվելուց հետո թեստավորված 26 աշխատակիցները, սակայն, մեկուսացված չեն: Չի եղել նման ցուցում, քանի որ, ըստ Առաքելյանի, նրանց թեստերի պատասխանները եղել են բացասական:

«26-ն են թեստավորվել, քանի որ իրենք են եղել սերտ շփման մեջ քաղաքապետի, փոխքաղաքապետի հետ: Հիմնականում աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք անմիջական կոնտակտավորներ էին: Բոլորն էլ իրենց լավ են զգում, խնդիրներ չկան: Բացի քաղաքապետից ու փոխքաղաքապետից, մյուսներն աշխատում են տեղում, ամեն օր գալիս են աշխատանքի»,- տեղեկացրեց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի և փոխքաղաքապետի մոտ վարակը հայտնաբերվել էր սեպտեմբերի 18-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ