Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ Արթուր Գևորգյանին կшլшնшվորել են

Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կալանավորվել է Արթուր Գևորգյանը։

Հավելենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանն անցյալ տարի վաճառել է ամերիկյան իր բնակարաններն ու փոխարենը առանձնատուն ձեռք բերել: Գույք ձեռք բերելիս եւ օտարելիս պաշտոնյան մի քանի անգամ խախտել է ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը: Հիշեցնենք, որ Գեւորգյանը նախկին (2011-2018 թթ.) ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Գեւորգյանը 1987-ից զբաղվել է բռնցքամարտով, 2000 թ. ավարտել է Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մասնագիտությամբ բռնցքամարտի մարզիչ-մանկավարժ է: 1996-ին Ատլանտայի (ԱՄՆ) օլիմպիական խաղերում գրավել է 5-րդ տեղը, 1998-ին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2000-ին էլ մասնակցել է Սիդնեյի (Ավստրալիա) օլիմպիական խաղերին: Միջազգային կարգի սպորտի վարպետ է: 2001-2003 թթ. ԱՄՆ-ում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով: 2013-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է:

Արթուր Գեւորգյանը քաղաքական կարիերան սկսել է 2005-ին: 2005-2008 թթ. Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալն էր, իսկ 2008-ին ընտրվել է համայնքի ղեկավար: Այն բանից հետո, երբ 2009-ին մայրաքաղաքը բաժանվեց վարչական շրջանների, իսկ դրանց ղեկավարների պաշտոնները դարձան նշանակովի, Գեւորգյանը նույն տարում նշանակվեց Դավթաշենի ղեկավար՝ պաշտոնավարելով մինչեւ 2012 թ.: ՀՀԿ-ական Գեւորգյանը 2012-ին մեծամասնական ընտրակարգով Դավթաշենից ընտրվեց ԱԺ պատգամավոր, ապա 2017-ին վերընտրվեց ռեյտինգային ընտրակարգով Երեւանի թիվ 2 ընտրատարածքից, որն ընդգրկում է Արաբկիրը, Աջափնյակն ու Դավթաշենը: «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018-ի մայիսին, Արթուր Գեւորգյանը հայտարարեց ՀՀԿ-ից եւ վերջինիս խորհրդարանական խմբակցությունից դուրս գալու մասին՝ ԱԺ-ում մնալով մինչեւ նոր խորհրդարանի կազմավորումը 2019 թ. հունվարին:

Գեւորգյանը չի հայտարարագրել իր բնակարանները Գլենդելում եւ Լոս Անջելեսում
2015-ի օգոստոսի 14-ին (գործարքը գրանցվել է այս օրը) Ա. Գեւորգյանը 520.000 դոլարով բնակարան (condominium, condo) է գնել Գլենդելի Քեմփբել 1130 հասցեի բազմաբնակարան շենքում (1130 Campbell St Unit 104, Glendale, CA 91207): Այս շենքը կառուցվել է 2010-ին, համաձայն փաստաթղթերի, բնակիչների մեջ շատ են հայերը, այսինքն՝ Գեւորգյանը բնակարան է ձեռք բերել հայերի հարեւանությամբ: Արթուր Գեւորգյանի բնակարանն ուներ 146 քմ մակերես, 2 ննջասենյակ ու 3 լոգասենյակ: ԱԺ պատգամավորը գույքը ձեռք է բերել Վահե Տեր-Հարթունյանի (փաստաթղթերում՝ Vaheh Derhartounian) «1130 Campbell St. LLC»-ից: Բնակարանը գնելու համար հայ պաշտոնյան 30 տարի մարման ժամկետով 312.000 դոլարի հիփոթեքային վարկ է վերցրել «East West Bank»-ից: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ական պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի եւ եկամուտների 2015 թ. իր տարեկան հայտարարագրում չի նշել, որ այդ տարի անշարժ գույք է ձեռք բերել:

2016-ի հուլիսի 7-ին Գեւորգյանը եւս մեկ բնակարան է ձեռք բերել, այս անգամ՝ Լոս Անջելեսի Վելի Վիլիջ թաղամասում՝ Ուիթսեթ պողոտայի 4832 հասցեի շենքում (4832 Whitsett Ave Unit 103, Valley Village, CA 91607): Գործարքի գինը կազմել է 475.000 դոլար: 2005-ին կառուցված շենքում հայ պատգամավորի գնած բնակարանն ուներ 96 քմ մակերես, 2-ական ննջասենյակ ու լոգասենյակ: Այստեղ եւս Գեւորգյանը հայ հարեւաններ է ունեցել:Բնակարանը պաշտոնյան գնել է Հոլի Ֆայնստայնից (Holly Ann Feinstein): Այս գործարքի դեպքում եւս նա վարկ է վերցրել «East West Bank»-ից՝ 30 տարի մարման ժամկետով 285.000 դոլար: Գլենդելի բնակարանի նման ԱԺ պատգամավորը չի հայտարարագրել այս անշարժ գույքը, ինչը պարտավոր էր անել 2016 թ. տարեկան հայտարարագրում:

2016-ի աշնանը հայկական մամուլը գրեց, որ Գեւորգյանը 2 բնակարան է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, իսկ պաշտոնյան էլ հայտարարեց, թե կարող է փաստաթղթեր ցույց տալ, որ Արթուր Գեւորգյան անուն-ազգանունով անձանց պատկանող երեք տասնյակ գույք կա ԱՄՆ-ում՝ ակնարկելով, թե դրանք իր հետ կապ չունեն. «Եթե իմն է, ես ձեզ հյուր եմ հրավիրում: Ընտրությունները մոտենում են (նկատի ուներ 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունները — հեղ.), ես հասկանում եմ, որ քաղաքական խարդավանքների հոտ է գալիս»: Իսկ հարցին, թե արդյոք ինքը ֆինանսական հնարավորություն չուներ նման գույք գնելու համար, ԱԺ պատգամավորն ասել էր. «Ես 20 տարի մեծ սպորտում եմ եղել… Իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը եղել է 300.000 դոլար 2001 թ.-ին: Ես երկու օլիմպիական խաղերի մասնակցած, մի շարք խոշոր մրցաշարերի մրցանակակիր բռնցքամարտիկ եմ եղել, եւ շատ նորմալ է, որ լիներ…»: Ապա հարցին, թե առհասարակ անշարժ գույք ունի ԱՄՆ-ում, պատասխանել էր՝ ոչ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ