Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: 1993թ.-ին ծնված տղամարդը օրենքով սահմանված կարգով դիմել է ոստիկանության անձնագրային բաժին ու ստացել Դ. Գ. կնոջ անունով անձնագիր:
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին, որ քաղաքացուն տրվել է ՀՀ անձնագիր:
«Օրենքով սահմանված կարգով քաղաքացին անձնագրային ծառայություն է ներկայացրել անվանափոխության մասին փաստաթուղթ, որի հիման վրա տրվել է»,- նշեցին ոստիկանությունից:
«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որի գլխավոր նպատակն է Հայաստանում ԼԳԲՏ անձանց, մասնավորապես՝ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը, հայտնում է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Արդարադատության նախարարության Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Գործակալությունը բավարարել է երկու տրանսգենդեր անձանց անվանափոխության դիմումն՝ առանց տրանսգենդեր լիենելու մասին փաստող հոգեբանական եզրակացության, որն այլևս պարտադիր չէ անվանափոխության համար։