![]()
Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացրին Կանադայում ՀՀ դեսպանությունից:
«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով:
Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը, որը կմեկնարկի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։ Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ»,-հայտնում են դեսպանությունից:
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին:
1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։
![]()