![]()
Արտախորհրդարանական և խորհրդարանական դաշտում տեղ գտած ընդդիմադիր տարբեր ուժեր հայտարարել են իրենց գործունեությունն ակտիվացնելու մասին։ Ինչպես հայտնի է՝ առաջինը հանրահավաք անելու մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստանը»՝ կրթական թեմայով։ Այժմ նման հավաք Ազգային ժողովի դիմաց նախաձեռնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Հանուն լուսավոր կրթության» խորագրով։ Ասել է թե՝ մեր երկրում առկա հիմնական և միակ խնդիրը կրթությունն է։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ լավ է, որ քաղաքական քննարկումների օրակարգում լինի կրթությունը, մշակույթն ու առողջապահությունը: «Այդ առումով շատ լավ է։ Լավ է նաև, որ ԲՀԿ-ն հենց այդ հարթակից է կրթության մասին խոսում՝ պահպանել տեր Թոդիկի ավանդույթները, այսինքն՝ ազգային արժեքները և այլն։ Դա հետամնացության հակագովազդն է, շատ լավ է, ես ողջունում եմ: Երբ նրանք խոսում են կրթության մասին ու ասում, թե ինչն են պաշտպանում, ամեն ինչ ընկնում է իր տեղը. փաստորեն ուզում են կրթության մեջ պահպանել հետադիմությունը, տգիտությունը։ «Լուսավոր Հայաստանն» էլ քաղաքական ուժ է, պետք է զբաղվի, թե չէ ինչքան կարելի է ասել՝ խավար է, լույսն ո՞ւր է։ Թե ինչեր կանեն՝ չեմ պատկերացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ «Լուսավոր Հայաստանը» միշտ անհետաքրքիր օրակարգ է ունենում. «Դա օրակարգ չէ, ինքը զբաղվում է մանրադրամով։ Եթե կոպիտ ասենք՝ այբ, բեն, գիմ, ալֆա, բետա, գամմա, ինքը՝ գամմա։ Առաջին, երկրորդ տեղը չի ուզում, երրորդ, չորրորդ տեղում է ուզում հանդես գալ, ինչն օրակարգ չէ։ Բայց երրորդ տեղի հավակնորդի համար օրակարգ է՝ վերջում մի ապահով, տաքուկ տեղ տվեք ինձ։ Օրակարգում այսօր Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններն են, Ռուսաստանի դեմ սկսված նոր սանկցիաների կամպանիան, մեր հարաբերությունները Եվրասիական, Մաքսային միության հետ։ Մեր գործընկերների դեմ խիստ պատժամիջոցներ են կիրառվում, ու դա ազդելու է մեր քաղաքական վարկի վրա, մեր տնտեսական, ֆինանսական վիճակը ծանրանալու է։ Օրակարգը դա է։ Եթե դրա մասին է՝ գնանք, օգնենք, իսկ եթե՝ կեցցե հետադիմությունը, վերադարձնենք տեր Թոդիկին դպրոց, դա արդեն լավ է, իմանանք՝ ով ով է, ավելորդ անգամ լյուստրացիա, ինքնաբացահայտում են անում։ Մենք ձեզ գիտենք, մենք գիտենք՝ դուք ով եք, ում պատվերն եք կատարում»։
Դիտարկմանը՝ արդյոք հասարակությունը կգնա՞ այս ուժերի հետևից, եթե նույնիսկ ունի դժգոհություններ կրթության ոլորտում, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Հասարակությունը եթե գնա հետադիմության հետևից՝ դուք պետք է հարցնեիք՝ արդյոք ժամանա՞կն է լուծարելու հայկական պետությունն ու մեր ինքնությունը։ Հայ ժողովուրդը միշտ հարգել է, պատվել է գրագետ, գրասեր, բանիմաց գործն ու մարդկանց։ Հայոց լեզվի առաջին նախադասությունը հիշեք՝ Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ. դա հայ ժողովրդի այցեքարտն է կրթության նկատմամբ։ Բարեկրթության հետևից հայ ժողովուրդը միշտ գնում է, միասին գնում է դրան»։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()