![]()
Սեպտեմբերի 7-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն աշխատանքային այցով գտնվում էր Յորետ դել Մար քաղաքում, որտեղ հանդիպել է քաղաքապետ Ջաումա Դուլսատ ի Ռոդրիգեսի հետ:
«Արեւելքի» տվյալների համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Յորետ դել Մարը Հայաստանի քաղաքներից մեկի հետ քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը, կարևորել են տեղի հայ համայնքի կողմից իրականացվող քայլերը երկկողմ կապերն ամրապնդելու գործում:
Հանդիպումից հետո դեսպան Կարմիրշալյանն ու Յորետ դել Մարի քաղաքապետը հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին այցելել են այն հրապարակ, որտեղ 2019թ. տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Յորետ դել Մարի այս հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ առաջիկայում տեղադրվելու է նաև հայկական խաչքար:
Այցի շրջանակներում դեսպան Կարմիրշալյանը նաև հարցազրույց է տվել տեղի Nova Radio LLoret հեռուստառադիոընկերությանը, որտեղ խոսել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների և տեղի հայ համայնքի մասին:
![]()