Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի

Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը, դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։ Նշվում է, որ թեստավորման ենթակա են շուրջ 30 000  անձ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 221041 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1864 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 108 նոր դեպք և 471 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ