Մոսկվայում կամավորների պատվաստումը կորոնավիրուսի դեմ կսկսվի այս շաբաթ

Մոսկվայում այս շաբաթ կսկսվի կամավորների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Քաղաքապետի խոսքով՝ բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են պատվաստանյութի գրանցումից հետո հետազոտությունների անցկացման համար։ Պատվաստման համար արդեն գրանցվել է 5000 մարդ։

Ավելի վաղ Մոսկվայի փոխքաղաքապետը հայտնել էր, որ պատվաստանյութի առաջին խմբաքանակը մատակարարվել է մոսկովյան 3 պոլիկլինիկաների։

Ռուսաստանն օգոստոսին գրանցել էր աշխարհում առաջին պատվաստանյութը՝ Sputnik V-ն, որը մշակել էր Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնը։ Պատվաստանյութը մինչև գրանցումն անցել էր նախակլինիկական և կլինիկական փորձարկումները։

Գրանցմանը հաջորդող հետազոտությունների ընթացքում կպատվաստվի 40 հազար մարդ։ Այս փուլը կտևի շուրջ կես տարի, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի բոլոր ռուսաստանցիներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ