Թունավոր օղու «շրջագայությունը» շարունակվում է

Երեկ երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում Արմավիրից ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բուժկենտրոն:

Փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի տեղեկացմամբ, դեռևս հետազոտում են, սակայն այս դեպքն էլ շատ նման է մեթիլային սպիտրով թունավորման. – «Շատ նման է, բայց դեռ չենք կարող ասել: Որոշակի հետազոտություններից հետո ավելի հստակ ձեզ կարող ենք ասել»:

Այս բուժկենտրոնում մեթիլային թունավորմամբ ևս երեք հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում են, նրանց երկուսը կուրացել են:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ, ևս չորս հոգի այլ բուժհաստատություններում են. – «Երկու պացիենտ գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կրկին երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի մոտ առկա է կուրություն: Մեկ պացիենտ գտնվում է թիվ մեկ Համալսարական հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում: Եվ ունենք մեկ պացիենտ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, նրա վիճակը ծանր է»:

Օգոստոսի 31-ից մինչև այսօր մեթանոլային թունավորման 46 դեպք է գրանցվել, 17 հոգի մահացել են: Դեպքերից 29-ը Արմավիրի մարզում, 15-ը` Երևանում և մեկ դեպք Կոտայքի մարզում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելա Աբովյանն ասում է, որ վերլուծել են դեպքերն ու պարզել, որ Արմավիրի և Երևանի դեպքերը միավորում է նույն մեթանոլը. – «Հետազոտության արդյունքում պարզվեց, որ Արմավիրի բոլոր դեպքերը ալկոհոլային խմիչքը գնել էին մեկ վայրից, այսինքն արձանագրված բոլոր դեպքերը կախված էին մեկ աղբյուրից: Բնականաբար այդ մեկ աղբյուրը բացահայտվեց, և պարզ դարձավ, որ այն խմիչքը, որ օգտագործվել էր տուժածների կողմից, բավականաչափ մեծ քանակությամբ մեթանոլ էր պարունակում: Բացահայտվեց նաև, որ Երևան քաղաքի դեպքերը ևս պայմանավորված են մեթանոլով, քանի որ մեկ օջախի համաճարակաբանական հետազոտության արդյունքում հնարավոր եղավ բացահայտել այն ալկոհոլային խմիչքը, որն օգտագործվել էր տուժածի կողմից, որը ևս իր մեջ պարունակում էր բարձր քանակությամբ մեթանոլ»:

Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է Արմավիրի դեպքով: Հայտնի է, որ բոլոր թունավորվածները տնային օգելից խմիչքը գնել էին համաքաղաքացի Աշոտ Հովսեփյանից: Այսօր դատարանը քննելու է նրան կալանավորելու միջնորդությունը:

Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը սակայն տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը քովիդի երկու թեստ է հանձնել` մեկը դրական, մյուսը բացասական պատասխանով: Բայց թոքաբորբ ունի և գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկետրոնում:

Քրեական գործով կալանավորվել են ևս երկու հոգի` արմավիրցի Արշակ Արշակյանը, ումից սպիրտ է գնել Աշոտ Հովսեփյանը, և արարատցի Ավետիք Վարդանյանը, ումից այդ սպիրտը գնել է Արշակյանը: Երեքից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, պնդում են, թե վստահ են եղել, որ այն, ինչ գնում և վաճառում են, ցորենի մաքուր սպիրտ է:

Մինչդեռ փորձաքննությունները հաստատել են, որ այդ ոգելիցում նորման հարյուր անգամ գերազանցող մեթանոլ է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ