![]()
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարել է, որ Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ֊ից ինֆորմացիայի արտահոսք է եղել, ինչը բացասաբար է անդրադարձել ՀՔԾ աշխատանքների վրա:
Ըստ նրա՝ Մարտի 1-ի գործով իրավապահների միջև չկա համագործակցություն: «Այսօր եթե Վանեցյանը զբաղված է քաղաքական ինտրիգներով, միտինգներ է ուզում անել, ամեն ինչ այնքան ակնառու է»,- ասաց նա:
Սաֆարյանը խոսեց Մարտի 1-ի դատավարության մասին: «Մեկուկես տարի շարունակ տևած դատավարությունը հասարակությանը և մեզ համոզեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատաքննություն: Դատարանի դահլիճում ով ինչ ուզում, իր տեսական գիտելիքներով պայմանավորված, գործընթաց է իրականացնում: Տպավորություն է՝ մարդիկ լսարան են մտել և ուզում են դասախոսություններ կարդալ»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ դատարանում շեղվել են Մարտի 1-ի բուն թեմայից:
«Փաստական հանգամանքները, որ տեղ են գտել մեղադրական եզրակացությունում, այսօրվա քննարկվող նյութի հետ բացարձակ առնչություն չունեն: Այն գործը, որ 85 հատոր կազմվել է, ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած հանգամանքների հետ կապ չունեն: Ու նրանք վախեցած են, որ այդ փաստերը կհրապարակվեն, այդ փաստերի հրապարակման ուժով ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա պաշտպանները չեն ասի՝ էս մեղադրանքը ջուր է: Կունենանք առիթ, կտեսնեք»,- շեշտեց նա:
![]()