Բելառուսում «Միասնության երթին» ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել․ կատարվել են ձերբակալություններ

Սեպտեմբերի 6-ին Բելառուսի տարբեր քաղաքներում «Միասնության երթ» է անցկացվել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, հաղորդում է Meduza լրատվամիջոցը։ Չնայած հորդ անձրևին՝ Մինսկում երթին ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել։Նախքան երթի սկսվելն իրավապահները մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում և հրապարակներում լրացուցիչ ուժեր և հատուկ տեխնիկա են տեղակայել, փշալարեր անցկացրել։

Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցույցի ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել։ Երթի ավարտին ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել։

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ փողոցներում քաղաքացիական հագուստով և դիմակներով անհայտ անձինք են հայտնվել, վազել են ցուցարարների հետևից և մահակներով ծեծել նրանց։ Նեմիգի փողոցում նրանք կոտրել են սրճարանի ցուցափեղկերը, որտեղ թաքնվել էին ցույցի մասնակիցները։
Ruptly գործակալության փոխանցմամբ՝ Գրոդնոյում «Միասնության երթի» ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Այնտեղ ևս կատարվել են ձերբակալություններ։

Բելառուսում բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ըստ որոնց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ