Մինչև հիմա պայքարող նախկինների հիմնական թշնամին ժողովրդավարությունն է

Հայկական ժամանակը գրում է.

Տարօրինակ բաներ են տեղի ունենում Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը փորձում է դրսից Հայաստանի վրա «փափուկ ուժ» բերելով վերադառնալ քաղաքականություն ու իշխանություններին մեղադրում է կոռուպցիայի մեջ, Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մեծ հանրահավաք կազմակերպել կրթության թեմաներով, Սերժ Սարգսյանի երիտհանրապետականներն իրենց օրակարգն են առաջ քաշում՝ «Հայաստանն առանց Նիկոլի» եւ «Հայաստանը Նիկոլից հետո», Վանեցյան Արթուրը փորձում է այդ համընդհանուր թոհուբոհում իր տեղը գտնել, Դաշնակցությունը հարմար պահի է սպասում…

Իսկ ամենատարօրինակն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես քաղաքական պայքար։ Իբր՝ հանրության մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհությունն ու հիասթափությունն աճում են, իսկ իրենք՝ «քաղաքական ուժերը» մտադիր են այդ տրամադրությունների շնորհիվ սահմանադրական ճանապարհով հասնել իշխանափոխության։ Պարզ ասած՝ սկզբի համար իրականացնել   «Հայաստանն առանց Նիկոլի» ծրագիրը։

Աշխարհի որեւէ երկրում որեւէ իշխանություն, իհարկե, հավերժ չէ։ Պարզապես ժողովրդավարական երկրներում իշխանափոխության մեխանիզմները շատ հստակ են։ Ժողովուրդն ընտրությունների ժամանակ իր ձայնը տալիս է այս կամ այն քաղաքական ուժին, առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունը, եւ եթե հետագայում չի արդարացնում մարդկանց վստահությունը՝ հաջորդ ընտրությունների ժամանակ մարդիկ գործող իշխանությունների փոխարեն ընտրում են այն ուժին, որի հետ ավելի մեծ հույսեր են կապում։ Սա է ժողովրդավարությունը (բնականաբար՝ բավականին պարզեցված ընկալմամբ), եւ հասարակության մեծամասնության ցանկությունն է, որ Հայաստանում իշխանությունները միշտ ձեւավորվեն հենց այս սկզբունքով։ Ու հազիվ թե որեւէ ողջամիտ մարդ հակադրվի սրան՝ անկախ նրանից, ինքնիշխանությունների՞ համակիրն է, թե ընդդիմադիր որեւէ ուժի։

Բայց ուշադրություն դարձրեք՝ այս սկզբունքի անվերապահ կիրառման դեպքում ոչ Քոչարյանն իր ստեղծած կառույցներով, ոչ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով, ոչ Գագիկ Ծառուկյանն իր ԲՀԿ-ով Հայաստանում իշխանության հասնելու որեւէ շանս պարզապես չունեն։ Որովհետեւ որքան էլ հասարակությունը հիասթափվի գործող իշխանություններից, միեւնույն է՝ իրավիճակի բարելավման հույսն այդ ուժերի հետ չի կապելու։ Այլ կերպ ասած՝ «Հայաստանն առանց Նիկոլի»-ն եւ «Հայաստանը Նիկոլից հետո»-ն, իհարկե, վաղ թե ուշ գալուէ, բայց այդ «հետոյում» նշված ուժերն իրենց տեղը չեն ունենալու։ Որովհետեւ եթե տեղ ունենան՝ դա կլինի վերադարձ դեպի «Հայաստանը Նիկոլից առաջ», ինչը հասարակությունը կմերժի միանշանակ։

Հասկանո՞ւմ են արդյոք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ ժողովրդավարական ճանապարհով իրենց վերադարձը բացառված է, ու չեն օգնի ոչ իրենց ֆինանսական ռեսուրսներն ու քարոզչամիջոցները, ոչ էլ Ծառուկյանի ասենք թե համապատասխան լիարժեք հանրահավաքները։ Ամենայն հավանականությամբ՝ հասկանում են։ Նրանք գիտեն, որ կայուն ներքաղաքական իրավիճակում ընտրությունների միջոցով իշխանության հասնելն անհնար է (նույնիսկ իրենց իշխանության տարիներին չէին կարողանում անհրաժեշտ ձայներ հավաքել), դրա համար էլ նրանց պետք են ցնցումներ եւ ֆորսմաժորային իրավիճակներ։ Իսկ այդքանը կազմակերպել հաստատ կարող են։ Ու բնականաբար՝ այդ ուղղությամբ էլ աշխատում են։

Ծրագիրը հասկանալի է. ցնցումների միջոցով հասնել կառավարության հրաժարականին, իսկ հետո, արդեն որպես «հաղթած ուժեր», կազմակերպել այնպիսի «ընտրություններ», որոնց ականատեսն ենք եղել առնվազն երկու տասնամյակ, ու իրենք իրենց հաղթող հռչակել։ Հետո՞ ինչ, որ ժողովրդավարական երկրներում դա կոչվում է պետական հեղաշրջում։ Իսկ ուրիշ ի՞նչ հորինեն, եթե ժողովրդավարական կանոններով իրենց նպատակին հասնելու շանս չունեն։

Աղբյուրը՝ ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ