![]()
Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով կանխատեսվում էր, որ տուժելու են բոլոր ոլորտները, տուժեցին հատկապես զբոսաշրջության և մշակույթի ոլորտները: Որքանո՞վ արդյունավետ եղան կառավարության հակաճգնաժամային միջոցառումները: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը նշեց. «Ամբողջ աշխարհով մեկ այս համավարակը մեծ վնասներ հասցրեց բոլոր ոլորտներին, այդ թվում՝ նաև կրթության: Ինձ թվում է գոտիները ձգելու լուրջ ժամանակաշրջան է: Ինչ վերաբերում է մեր պետությանը, աշխատանքներ իրականացվեցին, իհարկե, եղան ոլորտներ, որ կարծես թե դուրս մնացին, աչքաթող եղան»:
Շուտով հայտարարվելու է, որ շուրջ 100 մշակույթի գործիչ պատրաստվում են արտագաղթել, եթե կառավարությունը թույլ չտա հավաքներ ու հարսանիքներ և այլ միջոցառումներ իրականացնել: Այս ինֆորմացիան սոցցանցերում տարաբնույթ մենկաբանությունների արժանացավ: Անդրադառնալով այս դիտարկմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ուլտիմատումն ասոցացվում է մի վիճակի հետ, երբ «սելերը բարձում են ու հեռանում»: «Այս մարդկանց էլ պետք է հասկանալ, եթե եկամտի այլ աղբյուր չունեն, ինչպես պետք է ապրեն, բողոքը հասկանում եմ, ուլտիմատումը՝ ոչ: Չեմ հասկանում՝ ընբոստությունն ում դեմ է. կորոնավիրուս չկա՞, պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, որ համավարակի տարածումը կանխարգելի: Որ գնացիք, ի՞նչ, որ երկրո՞ւմ են սպասում ձեր միջոցառումներին, այս խնդիրն ամբողջ մոլորակում է: Այստեղ սեփական անձը գերագնահատելու խնդիր եմ տեսնում»:
Եղիշե Պետրոսյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է կոնսոլիդացնի մտավոր սերուցքը և նրանց տա թացը չորից զատելու դերը՝ կառուցողական մոտեցմամբ:
Երգիչ-երգահանը, անդրադառնալով իշխանության հակաճգնաժամային կառավարմանը, նշեց, որ անփորձության կա, յուրայիններով դաշտը փակելու խնդիր կա և մի քիչ էլ կամակորություն. «Միայն տեղային ու իրավիճակային լուծումներ են տրվում»:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()