Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կորոնավիրուսով է վարակվել․ նոր մանրամասներ

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։

«Քրեական գործի այս փուլում որպես անհետաձգելի դատավարական գործողություն՝ կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է։ Այս դեպքում գործ ունենք ֆորս մաժորային իրավիճակի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընթացք է լինելու, որովհետև առանց իմ պաշտպանյալի չի կարող կալանքի միջնորդություն քննվել։ Անժամանակ հետաձգելու իրավական հիմնավորում նույնպես չկա, որովհետև սա անհապաղ քննվող դատավարական գործողություններից է»,- ասել է պաշտպան Գևորգյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին: Դրանց մի մասը Արմավիրում էր, մյուս մասը՝ Երեւանում: Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Արմավիրի եւ Երեւանի դեպքերն իրար հետ փոխկապակցված չեն. Արմավիրի բնակիչների թունավորման նախնական պատճառը օղու մեջ մեթիլ սպիրտի մեծ քանակությունն էր, որը հաստատվեց նաեւ փորձաքննությամբ, իսկ Երեւանի բնակիչների թունավորման պատճառը՝ բժշկական սպիրտը: Երեկ 1 դեպք էլ արձանագրվել է Կոտայքի մարզում. դեռեւս չի նշվել, թե դա կոնկրետ որ դեպքի հետ է փոխկապակցված:

Վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում հաստատվել է թունավորման 25 դեպք, որից 9-ը՝ մահվան ելքով: Աշոտ Հովսեփյանը ցուցմունք տալիս նշել է, որ ինքը ցորենի սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է մաքուր ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում: Այն անձը, որից Հովսեփյանը գնել է սպիրտը, իր հերթին մեկ ուրիշից է այն գնած եղել:

Ինչպես Քննչական կոմիտեն է նախօրեին հայտնել, քրեական գործով ձերբակալվել է եւս երկու անձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ