«Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք»». Ռուբեն Ռուբինյանը՝ Մարուքյանին ու Զոհրաբյանին

Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք». ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների քննադատություններին, թե «կարանտին» բառը կարող է պատճառ դառնալ, որ արտասահմանյան երկրները սահմանները չբացեն ՀՀ քաղաքացիների առջեւ:

«Ձեր կարծիքով՝ եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ վա՜յ, «կարանտին» բառը կա, վե՛րջ, ուրեմն պետք է Հայաստանից ոչ մեկը չգա մեզ մոտ: Այսինքն՝ ձեր կարծիքով՝ տարբեր երկրների պետական կառավարման ապարատներում այս մակարդո՞վ են որոշումները կայացվում: Չէ՛, այդպես չէ, սիրելինե՛րս: Երբ մի երկրից մուտքը կամ ելքն արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչը հետեւյալն է՝ ինչ համաճարակային վիճակ է այդ երկրում, այսինքն, օրինակ, օրական վարակումների որքան թիվ է գրանցվում: Սա է գլխավորը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը եւ շարունակեց.

«Եթե դուք իսկապես հետաքրքրված եք, որ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ բացվեն սահմանները, պետք է հետաքրքրված լինեք, որ հնարավորինս արագ թվերը շարունակեն իջնել: Իսկ որպեսզի թվերը հնարավորինս արագ շարունակեն իջնել, անհրաժեշտ են այն միջոցառումները, որ իրականացվում են, ու անհրաժեշտ է որ դուք ամեն անգամ չգաք, ամբիոնից ասեք՝ ԱՀԿ-ն ամեն անգամ տարբեր բաներ է ասում դիմակների կրման մասին… Թե չէ՝ «կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով: Ձեր կարծիքով՝ բա՞ն է փոխվելու: Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք»»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ