![]()
Արտակարգ դրության սահմանափակումները մեղմացվել են, թույլատրվել են բացօթյա ներկայացումները: Իշխանությունները նշում են, որ մշակույթը կօգնի հաղթահարել համավարակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը հաստատեց. «Իհարկե մշակույթը կօգնի: Ես այս ընթացքում շատ լավ երաժշտություն էի լսում և զգում, որ կորոնավիրուսը վախենում է գեղեցիկ երաժշտությունից, բարձր արվեստից… Կես տարի տանը նստելուց և անգործությունից հետո մեծ կարոտով ու սպասում կվերսկսվեն աշխատանքները»:
Անդրադառնալով քննադատություններին, թե Ազգային ժողովը չկարողացավ լիարժեքորեն իրացնել իր բոլոր լիազորությունները՝ Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ այդ քննադատությունը ինչ-որ չափով արդարացի է, բայց ոչ հարյուր տոկոսով. «Իհարկե, շատ թերացումներ կան, ավելի շատ փորձ ունեցող, ճանապարհ անցած մարդիկ՝ հները, փաստորեն ընդդիմություն են, իշխանությունն էլ նոր է, դեռ նոր են սկսում հասկանալ՝ ինչ է կատարվում, այս անջատումը շատ է ազդում: Պետք է կարողանալ գտնել միջոցներ՝ ընդդիմությանը «կաշառելու»՝ լավ խոսքով կամ այլ կերպ… Փոխահարաբերությունները մասնակի հարցեր են, գլոբալ խնդիրն այն է, որ այս երկիրը պետք է կառուցենք, շենացնենք»:
Դիտարկմանը, որ նախկին ուժերը միավորվել են ընդդեմ իշխանության՝ ռեժիսորն ընդգծեց. «Մենք պիտի դադարենք չարախնդալ, պիտի դադարենք խանգարել: Ախր այսպես երկիրը թուլանում է, չէ՞: Կարևորը Հայաստանը լավ վիճակում տեսնելն է, իսկ դրա համար պետք է համախմբվել, օգնել: Եթե դիմադրում ես՝ քանդում ես, խորհո՛ւրդ տուր, ու այնպե՛ս խորհուրդ տուր, որ լսեն»:
«Ընդդիմությունն ընդդիմություն է դարձել, քանի որ վտանգ է կախվել գլխին, փող ունեն, վախենում են կորցնել, և պաշտպանվում են… Ղազագրերով աշխատող կազմակերպությունը գոնե լռի ու չխոսի կրթությունից»:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()