![]()
Արդեն 12 տարի գոռում, գոչում ենք, թե ինչ է եղել Մարտի 1-ին, իսկ էսօր Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս ռուսական կայքին ու ասում՝ իրեն առաջադրված մեղադրանքներն անհեթեթություն են: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
«Ի՞նչ անհեթեթության մասին կարող է խոսք լինել: Եթե ինքը սահմանը թուլացրել է, զորքը բերել, մտցրել է Երևան, 0038 գաղտնի հրամանն է եղել, օրենք է խախտել, Սահմանադրություն է խախտել, ո՞նց կարող է անհեթեթ լինել մեղադրանքը, եթե 10 զոհ ունենք, 100-ից ավելի բանտարկյալներ ունենք:
Հայաստանի Սահմանադրությունն ասում է, որ ինչ լավ բան, կամ վատ բան է լինում, պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Հիմա Հայաստանում եղել են սպանություններ, տապալել են սահմանադրական կարգը, ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, բնականաբար իշխանությունը: Այստեղ անհեթեթությունը որտե՞ղ է, թող պատասխանատվություն կրի: Ինչո՞ւ է զորքը մտել Երևան, ո՞ր բարոյական իրավունքով: Եթե սահմանը թուլացնում ես, բա որ ադրբեջանցիները մտնեին մեր երկիր, ի՞նչ էիք անելու: Հանուն աթոռի, որ Սերժ Սարգսյանը ղեկավարեր երկիրը, իր թալանածները պաշտպաներ, իր սպանությունները թաքցներ»,- ասաց նա:
Քլոյանը նաև նշեց, որ գուցե մոտ ժամանակներս մամուլի ասուլիս հրավիրեմ, քանի որ չի կարելի 2 տարի ձգձգել դատավարությունը. «Թող դատախազությունը կարգի հրավիրի դատավորներին, ամբաստանյալներին: Ես չգիտեմ՝ դատախազությունն այդ իրավունքն ունի, թե ոչ, բայց հերիք է, արդեն երկրորդ տարին է՝ ձգձգվում է դատավարությունը, ինչքա՞ն կարելի է: Եթե Քոչարյանը հիվանդ էր, բա ո՞նց է հիմա Սևանում լողանում: Բժիշկ Չարչյանն ինչի՞ էր նրան տանում թաքցնում հիվանդանոցում, ասում՝ հիվանդ է: Հենց 4 մլն դոլար գրավը տվեցին, դուրս եկավ, վազեց Սևան դահուկ քշելու: Սա սիմուլյացիա է, ինքն էլ տեղով սիմուլյանտ է»:
Նույն խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերից Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանն էլ նշեց, որ միայն Քոչարյանն ու իր փաստաբանները կարող են մեղադրանքն անհեթեթ համարել, իսկ ամբողջ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է կատարվել Մարտի 1-ին և ինչ է կատարվում հիմա. «Ոչ մի բան անհեթեթ չի կարող լինել: Բոլորս էլ ուզում ենք, որ դատավարությունը սկսի իր բուն ընթացքը, ոչ թե անընդհատ ձգձգվի: Ես չգիտեմ՝ ինչու է ձգձգվում դատավարությունը, բայց ես միանշանակ վստահում եմ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Դիտարկմանը, որ Քոչարյանը հայտարարել է՝ իմ դեմ դատավարությունը ինչ-որ «աբրակադաբրա» է, քանի որ ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու մեջ, նա ասաց. «Իրենց թիմը, ինչ ասես՝ կարող է խոսել, իրենց թիմը մարդկանց գլխին սարքել լավ գիտի, ամեն ինչի ընդունակ է: Ես իրենց ոչ էլ ուզում եմ լսել: Ես իմ կարծիքն ունեմ, և իրենց ոչ մի խոսքն ինձ համար արժեք չունի: Այդ ես եմ անհեթեթ ու անհիմն համարում իրենց ամեն մի խոսքը: Ես նույնիսկ մարդ գիտեմ, որ աշխատում է իրենց թիմում, ու իրենք ինչեր են անում»:
Քոչարյանը նաև նշել է, որ իր փաստաբանները մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: Այս առնչությամբ տիկին Վարդուհին ասաց. «Երբ բուն դատավարությունն սկսվի, բոլորն էլ ամեն ինչ կհասկանան, որ անընդհատ միջնորդություններ չանեն՝ ձգձգելով դատավարությունը, ինձ թվում է՝ իրենք էլ շատ բան կհասկանան: Ուղղակի իրենք չեն ուզում, որ բուն դատավարությունը գնա, դրա համար էլ ոչինչ «չեն հասկանում» այժմ»:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()