![]()
Արդեն մի քանի օր է, ինչ Սեւան քաղաքում մեկնարկել են Գրիբոեդովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, փողոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն: Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը կազմում է 4578 քառակուսի մետր մակերես:
Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, վերատեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթեւեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների եւ ճանապարհային նշանների տեղադրում, այլ բնույթի ու ծավալի աշխատանքներ:
«Այս ծրագրի իրականացմամբ Սեւան քաղաքում կավելանա հիմնանորոգված ու ներկայանալի փողոցների թիվը` անվտանգ եւ ապահով երթեւեկությամբ, հարմարավետ անցուդարձով: Առաջիկայում Սեւանում կիրականացվի այս տարվա համար նախատեսված «Սեւան համայնքի թվով 5 բակային ճանապարհների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը: Գրիբոեդովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:
![]()