Սերժ Սարգսյանի պաշտպանն ու գործով դատախազը վիճեցին դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր։

Երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթուղթ՝ ասելով, որ երեկ երեկոյան առողջական վիճակի վատացում է եղել Սերժ Սարգսյանի մոտ. «Ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական ֆոն»։

Դատավորի հարցի՝ բժշկական հաստատությունում չի գտնվո՞ւմ այս պահին, պաշտպանն ասաց, որ ոչ։

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն ասաց, որ բժշկական փաստաթղթից հետևում է, որ կանչը գրանցվել է երեկ, ի թիվս այլ հատկանիշների նշված է որոշակի ջերմաստիճանի բարձրացում, բժշկական փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալուց չկային այնպիսի հատկանիշներ, որոնք օբյեկտիվորեն անձին զրկեին դատարկան նիստին ներկայանալու հնարավորությունից։ Դատախազի խոսքով, դատական նիստերն անվերջ կհետաձգվեն եթե նիստերից առաջ դատարան ներկայացնեն փաստաթղթեր, թե մի օր ամբաստանյալի ինքնազգացողությունն է վատացել, մի օր, իբր, պաշտպանյալի ինքնազգացողությունը։

Ամրամ Մակինյանն անդրադարձավ դատախազի խոսքում հաճախ հնչող՝ «իբր»-երին։

«Ինչ է նշանակում՝ իբր, իբր, իբր։ Դատախազին հիշեցնեմ, երբ որ շեշտադրումներ է անում՝ ամբաստանյալ Սարգսյան, հիշեն, որ խոսք է գնում Հանրապետության նախագահի մասին, հարգանք եմ պահանջում նախագահի մասին խոսելուց։
Երբ որ հարգելի դատախազն ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում, Հանրապետության երրրոդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ, որից կախված էր նաև …»։

Դրանից հետո վեճ սկսվեց պաշտպանի ու դատախազի միջև։ Դատավորը խնդրեց դադարեցնել բանավեճը, առաջարկեց ավելի առարկայական։

Դատավոր Վահե Միսակյան, ասաց, որ Սերժ Սարգսյանի բացակայությունն այսօր անհարգելի չի համարում. «Հաշվի առնելով բժշկական փաստաթղթում առկա տաեղկությունները, ախտորոշումը, չունենալով նաև հակառակի մասին տեղեկություն այսօրվա դատական նիստին առողջական վիճակով ներկայանալու հնարավորության մասին, վերջինս բացակայությունն անհարգելի չեմ համարում։ Կարծում եմ՝ հաջորդ դատական նիտսին պարոն Սարգսյանի առողջացած կներկայանա դատարան, կփորձենք պարզաբանումներ ստանալ, թե ինչ առողջական վիճակի վատթարացման մասին էր խոսքը»,- հայտարարեց դատավորը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ