Սերժ Սարգսյանի մոտ բարձր ջերմություն է արձանագրվել. պաշտպանը բժշկի տեղեկանք ներկայացրեց դատարանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատական նիստին ներկայացել են բոլոր ամբաստանյալները՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի: Վերջինիս բացակայության վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ երեկ երեկոյան Սարգսյանի առողջական վիճակը վատացել է, նա ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական վարակ, բարձր ջերմություն, ցուցված է համապատասխան բուժօգնության ստացում եւ տնային ռեժիմ: Պաշտպանը դատարանին ներկայացրեց բժշկի տեղեկանք:

Նախագահող դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ տվյալ պարագայում բացակայությունը անհարգելի համարել չի կարող, իսկ դատական նիստը այս պայմաններում դարձյալ ենթակա է հետաձգման:

Տեղեկանքը տրամադրվեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին՝ ծանոթացման համար:

Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել հունվարի 31-ին, սակայն մինչ օրս տեղի է ունեցել բովանդակային միայն մեկ նիստ. փետրվարի 25-ից հետո նշանակված բոլոր նիստերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են: Հուլիսի 2-ի նիստին դատավորը հայտնել էր, որ իր համար այլեւս անհարգելի է լինելու կորոնավիրուսի պատճառով բացակայությունը, քանի որ ՀՀ-ում վարակի նվազման միտում է նկատվում, եւ պետք է սովորել դրան զուգահեռ ապրելուն: Այնուամենայնիվ, նախորդ նիստին՝ օգոստոսի 6-ին, Սերժ Սարգսյանը դարձյալ չէին ներկայացել, եւ դատարանը անհարգելի էր համարել նրա բացակայությունը՝ որեւէ սանկցիա չկիրառելով:

Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը): Ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ