![]()
Ճգնաժամերն՝ իրենց բոլոր բացասական կողմերով, նաև նոր հնարավորություն են համարձակների համար՝ խնամքով պահած և հարմար պահի սպասող երազանքները։Էկոնոմիկայի նախարարության 19-րդ միջոցառումը հնարավորություն է ընձեռում սկսնակ գործարարին իրականացնելու իր նորարար գաղափարները։
«Ես զրոյից ստեղծում եմ իմ բիզնեսը, հաջողություն մաղթիր ինձ» խորագրի ներքո կներկայացնենք սկսնակ ձեռներեցների, ովքեր հակաճգնաժամային 19-րդ միջոցառման հնարավորություններն օգտագործելով, որոշել են ուժերը փորձել բիզնեսում և իրականություն դարձնել իրենց երազանքը։
Դժվարությունները ձևավորում են մեզ և տանում դեպի մեր երազանքների իրականացում։
Հայկ Միրզաբաբյանը 32 տարեկան է, տնտեսագետ է, սակայն իր մասնագիտությամբ չի աշխատում։ Շատ է սիրում ակտիվ հանգիստը, հաճախակի արշավների է գնում։ Վերջերս ընկերների հետ Հատիս լեռն է բարձրացել․վերելքը դժվար է եղել, զգացումներն՝ աննկարագրելի։
– Ու ես հասկացա, որ ցանկացած հաջողության հասնելու համար պետք է անցնես դժվարությունների միջով, ուժ գտնես քո մեջ և հաղթահարես դրանք։ Դժվարություններն են մեզ ձևավորում և օգնում ինքնահաստատվել, – ասում է Հայկը։
Բիզնես գաղափարը, որն իր նախասիրության պտուղն է, վաղուց է կրում իր մեջ․ թիրախը զբոսաշրջության մի տեսակ է, որ դեռևս չկա Հայաստանում և նախատեսված է ճամփորդության ու գիշերակացով շրջագայության սիրահարների համար։ Հայկը շատ է ցանկանում, որ ճամփորդն ամբողջ հոգով ընկալի և ըմբոշխնի Հայաստանի յուրաքանչյուր անկյունը, միաժամանակ իրեն հարմարավետ զգա առանց որևէ հանգստյան տուն կամ հյուրանոց այցելելու։ Իր գաղափարը դեռ չի ցանկանում ամբողջությամբ բացահայտել, միայն կիսվում է մտահղացման կարգախոսով․ «Իմ տունն այնտեղ է, որտեղ ես կայանում եմ»։
Այն իրագործելու ճանապարհը տեսել է 19-րդ միջոցառման միջոցով։ Շահառուների ընտրության առաջին փուլում ուսումնասիրել և հավանել են իր բիզնես գաղափարը։ Հիմա, երկրորդ փուլում, մասնակցում է բիզնես դասընթացին և ստանում կոնկրետ գիտելիքներ, թե ինչպես հիմնել և վարել բիզնեսը։
![]()