![]()
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հռետորական հարցով դիմում է իշխանական իր գործընկերներին՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են մեզնից շատ խոսում առաջիկա հանրահավաքի մասին, որի մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ԲՀԿ-ն հետքայլ անելու որևէ տրամադրություն չունի: «Մարդկանց սոցիալական վիճակը չի փոխվել, ի՞նչ հետքայլի մասին է խոսքը»,- նշեց նա:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկա հանրահավաքի ժամանակ հարթակում նաև ՀՅԴ ու «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներին տեսնենք, արձագանքեց՝ չի բացառում:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան», Արթուր Վանեցյանի «Հայրենիք», Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները շաբաթ կամ կիրակի օրը պատրաստվում են հագործակցության հուշագիր ստորագրել։ Այս մասին հայտնում են 24News-ի իրազեկ աղբյուրները։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ընդդիմադիր կուսակցությունների այս նոր ձևավորվող քառյակը նաև համատեղ գործողությունների ծրագիր է մշակելու, ինչպես նաև հանդես է գալու համատեղ հայտարարությամբ։
Հայաստանում ընդդիմադիր քառյակի ձևավորման փորձ արդեն եղել է 2013 թ-ին, որին այն ժամանակ մասնակցում էր նույն ԲՀԿ-ն, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն։ Այն քաղաքականապես դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից օրեր անց Գագիկ Ծառուկյանը որոշեց դուրս գալ քաղաքականությունից։
![]()