«Ասում են՝ սա իմ լավագույն երգն է լինելու». Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանը նոր տեսահոլովակ են նկարահանել

Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանն Անկախության տոնին ընդառաջ լսարանին կներկայացնեն իրենց նոր աշխատանքը: Երգը կոչվում է «Քոչարի»:

«Շատ սիրուն տեսահոլովակ է սպասվում: Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը շատ համեստ է իր արած գործերի մասին խոսելիս, երբ ինքն ասում է՝ լավ է լինելու, արդյունքը տեսնելիս իմ ոգևորովածության աստիճանը մաքսիմալի վրա է լինում: Երբեք բարձր գնահատական չի տալիս, բառերը չի շռայլում, բայց կյանքում առաջին անգամ ասաց՝ Արամ, սիրուն ա լինելու: Ես պատկերացնում եմ՝ ինչ է սպասվում, որ նման կերպ արտահայտվեց»,- ոգևորությամբ ասաց երգիչն ու հավելեց, որ նկարահանումներն արել են Ախթալայում:

Այնտեղ տեսահոլովակ նկարահանելու որոշում կայացրել են երգչի համացանցային նոր նախագծի՝ VELO MP3-ի շրջանակում հեծանվով Ախթալա հասնելուց հետո. «Սիրահարվեցինք Ախթալային ու հասկացանք, որ տեսահոլովակն էնտեղ ենք նկարահանելու: Տեսահոլովակում նկարահանվել են ինչպես տեղացիներ, այնպես էլ դերասաններ, պարողներ: Շատ մեծ քասթինգ ենք արել»:

Երգիչն ասաց, որ ավելի վաղ պետք է ներկայացնեին այս աշխատանքը , սակայն հետաձգեցին արտակարգ դրության պատճառով, քանի որ նկարահանումները շատ մասշտաբային էին: Արամի խոսքով՝ երգն այնպիսին է, որ չէին կարող ուղղակի տեսահոլովակ նկարահանել:

«Բառերը գրել են 2 հզորներով՝ Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, երաժշտությունը ես եմ գրել, գործիքավորուն արել է Նիկ Էգիբյանը: Երգը կոչվում է «Քոչարի»: Որոշել ենք մի փոքր նոր շունչ տալ, միաժամանակ, նոր սերնդին պատմել՝ իրականում ինչ է Քոչարին, ինչ իմաստ ունի, ինչի համար են պարում: Փորձել ենք նոր սերնդին փոխանցել այն ինֆորմացիան, որը ժամանակին մեզ են փոխանցել: Աշխատանք է, որը պիտի սերունդներին տանք»,- ասաց երգիչը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ