Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանավորված

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կմնա կալանքի տակ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն այսօր մերժեց Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը: Դատական նիստին ներկա է նաև Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Կարեն Խաչատրյանը, որ նախկինում զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:

Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին դատարանը մերժել էր այս գործով մյուս ամբաստանյալին՝ Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ