![]()
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնում եմ հանդիսավոր պայմաններում: Արարողության մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունել մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակի հակառակորդը:
Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակել հրետակոծությունը:
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:
![]()