«ՍՈՒ-30, հիմա ՍՈՒ-25 նորագույն տեխնոլոգիաներով օժտված կործանիչները՝ ՀՀ ԶՈՒ-ում, մեր բանակի մարտունակությունը մեծանում է…». Արծրուն Հովհաննիսյան

ՍՈՒ 25-ը մոդեռնիզացիայի բավականին մեծ փաթեթներ ունի տարբեր ուղղություններով: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Հասկանալի է, չէ՞, որ ՍՈՒ-25-ի բազային տարբերակը ստեղծվել է 1980-ական թվականներին, հիմա հայտնվել են զենքի կառավարման նորագույն համակարգեր, ճշգրիտ զենքի կիրառման նորագույն համակարգեր, գիշեր-ցերեկային նշանոցային հարմարանքներ: Մեր Զինված ուժերում հայտնվել է նորագույն սերնդի և նորագույն տեխնոլոգիաներով օժտված ՍՈՒ-30 կործանիչը: Համադրելիության խնդիր կա ՍՈՒ-25-ը ՍՈՒ-30-ի հետ: Մի խոսքով, շատ-շատ առումներով արդիականացումը տալիս է լայն հնարավորություն: ՍՈՒ 25-ի հեռահարությունն է մեծանում, դիպուկությունն է մեծանում, ճշգրտությունն է մեծանում: Մանրամասներին տեղյակ չեմ, եթե իմանայի էլ՝ խաղաքարտերը չէի կարող բացել, բայց ինքը ժամանակի պահանջներից մեկն է: Ռուսաստանում կան բավականին լավ պրոյեկտներ ՍՈՒ-25-ը կատարելագործելու, դրանցից մեկը կամ դրանց խառնուրդը կարող է կիրառելի լինել մեզ համար»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ՍՈՒ-25-ով հագեցնելու դեպքում մեր բանակի մարտունակությունը բավականին մեծանում է. «Իհարկե, մեծացնում է մարտունակությունը: Ես այստեղ կուզենայի կարևորել մի բան. ինձ համար՝ որպես մասնագետի, այստեղ ամենաուրախալի փաստն այն է, որ ՀՀ-ն իր Զինված ուժերի զարգացման հիմքում դնում է նաև ավիացիոն բաղադրիչի համակարգային զարգացումը: Այսինքն՝ ՍՈՒ-30, հիմա ՍՈՒ-25, Տավուշի դեպքերի ժամանակ՝ սեփական արտադրության դրոններ: Այսինքն՝ այդ ամենը ավիացիոն բաղադրիչն է: Ես՝ որպես զինվորական, որպես մասնագետ, տարիներ շարունակ դա եմ երազել, հոդվածներ ու գրքեր գրել, կոնֆերանսների մասնակցել, պայքարել դրա համար: Ինձ համար շատ կարևոր է, որ հատկապես վերջին 2 տարիների ընթացքում մեծ քայլ կատարվեց ավիացիոն կոմպոնենտի համակարգային զարգացման համար»:

Նա անդրադարձավ նաև նրան, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ՀՀ-ին մատակարարելու մասին: «Այդտեղ ոչ մի նորություն չկա, նախապես պլանավորած բան է եղել: Երբ առաջին 4 հատի պայմանագիրը կնքվել է, Հայաստանը պաշտպանության նախարարի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով էլ հստակ ասել է, որ մենք հետաքրքրված ենք առնվազն մեկ ստորաբաժանումով: Այսինքն՝ մեկ էսկադրիլիան մոտավորապես մինչև 10-12 միավոր տեխնիկայի մասին է խոսքը»:

Հարցին, թե այս պահին մեր հագեցվածությունը բանակում ինչպե՞ս եք գնահատում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա շատ բարդ հարց է, եկեք իրավիճակը չգնահատենք այս պահով: Ինձ համար Հայաստանի Զինված ուժերի ապագայի տեսանկյունից չափազանց մեծ կարևորություն ու նշանակություն եմ տալիս, որ կատարվում է կոնկրետ ավիացիոն տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Դա կլինի ՍՈՒ-30 կործանիչը, կլինի ՍՈՒ-25 գրոհիչը, կլինեն տարատեսակ ԱԹՍ-ները: Այդ ամենը իրար փոխլրացնող, համակարգային մեծ հնարավորություններ է ստեղծում մեր բազմաֆւնկցիոնալ և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական գործառույթների համար»:

աղբյուրը՝  «Առաջին լրատվական»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ