«Բժիշկներն ասում են` ժամանակ չունեմ, բայց ես չեմ պատրաստվում մեռնել». Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի

Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ սրտի բաց վիրահատության կարիք ունի, ինչի համար 3 միլիոն դրամ է անհրաժեշտ, սակայն նա վճարունակ չէ։ Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն իրեն բնորոշ հումորով ասաց, որ բժիշկները գիտեն` իր սիրտը ոսկի է, ուզում են գողանալ:

Նրա խոսքով՝ առողջական այլ խնդիրներ` շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ողնաշարի ճողվածք, վաղուց ունի, բայց սրտից երբեք չի դժգոհել. «Սրտխփոցներ ունեցել եմ, բայց հասարակ դեղեր եմ խմել ու անցել են: Օրեր առաջ կրծքավանդակիս, թիկունքիս հատվածում սարսափելի ցավեր ունեցա, շտապ օգնություն կանչեցինք, տեղափոխեցին հիվանդանոց, ու պարզվեց` սիրտս է: Շաքարային դիաբետի պատճառով սրտիս մի քանի անոթ խցանվել է, բաց վիրահատության կարիք կա, բայց քանի որ ես գեր եմ, հնարավոր է` օրգանիզմս չդիմանա: Բժիշկները դեռ խորհրդակցում են, եթե բաց վիրահատություն չանեն, 5 ստենդ կտեղադրեն»:

Նարինեն ասաց, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում, ասում է` միայն շարժվելիս շունչը կտրվում է: Հոգեբանորեն է իրեն վատ զգում: Ըստ նրա` բարդ է ընդունել, որ սրտի հետ կապված խնդիրներ կան, քանի որ երբևէ չի մտածել, որ նման բան կարող է լինել:

«Բժիշկներն ասում են` ժամանակ չունեմ, հենց այսօր կարող եմ մահանալ, բայց ես չեմ պատրաստվում մեռնել: Այսքան ապրել եմ, մի քանի օր էլ կապրեմ, մինչև ֆինանսական հարցերը լուծվեն: Սովոր եմ ինքս լուծել իմ խնդիրները, բայց այսօր կանգնել եմ մի խնդրի առջև, որը մենակ լուծել չեմ կարող, ինձ իմ հանդիսատեսի օգնությունն է պետք: Դեկտեմբերից չեմ աշխատում, մայրիկս ծեր թոշակառու է, օգնող չունենք: Մեր օգնողներն իմ ընկերներն են, մի քանի բարեկամներ, բայց որքա՞ն օգնեն: Ինձ իմ հանդիասատեսն է փրկելու, հույսս իրենք են, այդ պատճառով եմ տեսանյութ նկարահանել ու տեղադրել համացանցում,-ընդգծեց նա ո հավելեց, որ զարմացած ու զգացված է` առավոտից, երբ հայտնել է իր հիվանդության մասին, աշխարհի տարբեր ծայրերից հայերը զանգում են, գումարներ փոխանցում: -Արժեր հիվանդանալ, որ հասկանայի` որքան սիրված եմ: Գիտեի, որ ինձ սիրում են, բայց որ այսքան` չէի պատկերացնում»:

Չնայած Նարինեն ասաց, որ իր համար հոգեբանորեն բարդ է, շեշտեց, որ հումորի զգացումը չի կորցրել։ «Հումորի զգացումս չեմ կորցրել, ամեն երեկո ընկերներս հավաքվում են մեր տանը, որ տրամադրությունս բարձրացնեն, բայց ես եմ բարձրացնում իրենց տրամադրությունը: Երբ մենակ եմ մնում, շատ եմ մտածում, թե ինչ կլինի, բայց ցույց չեմ տալիս արումներս»,-ասաց դերասանուհին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ