![]()
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով երրորդ օդանավը ուղարկել Լիբանանի Հանրապետության կառավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:
Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բեյրութում լիբանանցիները մեկ րոպե լռությամբ հարգել են մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի ավելի քան 200 զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել այն նույն ժամին, երբ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատը:
Հուժկու պայթյունը ոչ միայն մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլև նյութական ահռելի վնաս է հասցրել Լիբանանին:
![]()
![]()