Ալիև-Լուկաշենկո՝ «դժբախտության եղբայրները». ժամանակը սպառված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը կանգնած է իր 26-ամյա իշխանության, թերևս, աննախադեպ հետընտրական «ռեբուսի» առաջ: Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին «վստահ հաղթանակի» համար: Բելառուսի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել շնորհակալության և ցուցաբերված ուշադրության համար: «Ցուցաբերված ուշադրությունը» խիստ հատկանշական ձևակերպում է, որը խոսուն կերպով վկայում է Բելառուսի նախագահի ներկայիս վիճակի մասին: Նրան շնորհավորել են իհարկե նաև ՌԴ նախագահ Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, և անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բայց «ուշադրություն» ցուցաբերել է Իլհամ Ալիևը, որը նրան առաջին զանգահարողն է: Որովհետև մի բան է շնորհավորական հեռագիրը, մեկ այլ բան՝ հեռախոսազանգը: Այդ իմաստով, Ալիևն ու Լուկաշենկոն, իհարկե, միմյանց առավել լավ կհասկանան, ու առաջին զանգահարողի հանգամանքը իսկապես խորհրդանշական է: Բելառուսի նախագահը ներկայումս գրեթե այն վիճակում է, որում Ադրբեջանի նախագահն է՝ ուշադրությունից զրկված և աշխարհաքաղաքական ժամանակից դուրս մնացած: Խոսքն, իհարկե, բացարձակ ուշադրության մասին չէ, այլ իրադրության աշխարհաքաղաքական տողատակի:

Դիտարկելով Լուկաշենկոյի վերջին ամիսների ելույթներն ու հայտարարությունները, բավականին նկատելի է դառնում, որ նա գործնականում դուրս էր եկել բոլորի դեմ: Իհարկե, խոսքն ամենևին աշխարհաքաղաքական դոնքիշոտության կամ աննախադեպ խիզախության մասին չէ: Լուկաշենկոն դուրս է եկել բոլորի դեմ, որովհետև շատ լավ է պատկերացնում՝ բոլորն են այլևս իր դեմ: Պարզապես ոչ թե դուրս են եկել իր դեմ, այլ ինքն է դուրս մնում «բոլորի շահերի ռազմավարական պրիզմայից»: Բոլորը աշխարհաքաղաքական ուժի կենտրոններն են, որոնք ներկայումս զբաղված են նոր աշխարհակարգի ճարտարապետության բարդ գործընթացով: Բելառուսն ու Ադրբեջանն այդ տեսանկյունից կանգնած են տարբեր իմաստային մարտահրավերների առաջ, բայց գործնականում աղբյուրը, թերևս, մեկն է՝ գործող իշխանության փիլիսոփայական կամ աշխարհայացքային ճգնաժամ, տարաժամկետայնություն:

Հատկապես վերջին օրերին ակնառու էր թե՛ Ալիևի՝ տավուշյան դեպքերի ընդգծված առիթով, թե՛ Լուկաշենկոյի՝ նախագահի ընտրության առիթով, բավականին նյարդային, հուզական, թերևս աննախադեպ աստիճանի հուզական ու նյարդային ընդհանրությունը, պատեպատության շոշափելի տողատակով: Այն հայեցակարգը, որ յուրաքանչյուրն իր տեղում աշխարհին փորձում էին ներկայացնել Ալիևն ու Լուկաշենկոն, սպառվել է: Նրանց իշխանությունն այլևս կապ չունի համաշխարհային նոր միտման հետ, և այդպիսին է՝ իշխանություն է այնքանով, որքանով դեռևս ընթանում են աշխարհակարգային քննարկումները: Այլ կերպ ասած՝ թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Ալիևի իշխանությունը այլևս բացարձակապես կախված չէ իրենցից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ