![]()
Առափիի մետաղական կամուրջն այլևս տեղական նշանակության նորահայտ հուշարձան է: Այս մասին որոշում է կայացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում: Իսկ նման որոշման հիմք են հանդիսացել կամուրջի պատմական նշանակությունը և , որպես ենթակառուցվածք, յուրօրինակ ճարտարապետական լուծումները: Այն գտնվում է Գյումրիից Առափի գյուղ տանող ավտոճանապարհին , Ախուրյան գետի վրա: 1877 թվականին կառուցել են ցարական Ռուսաստանի Ալեքսանդրապոլի բերդի զինվորականները , տեղացի արհեստավորների օգնությամբ: Մետաղյա կամուրջն իր կառուցվածքով Հայաստանում առաջինն է:Մետաղական կոնստրուկցիայով ու քայքայված երթևեկելի մասով կամուրջն արդեն 40 տարի է չի օգտագործվում: Մինչև 70-ականների վերջը միակ ճանապարհն է եղել, որը Գյումրին կապել է հարևան Առափի, Ոսկեհասկ, Հայկավան ու Ախուրիկ գյուղերին: Սահմանամերձ այս համայնքներ մուտքն այդ տարիներին անցագրերով է եղել: Իսկ վերահսկողությունը վստահված է եղել ռուս սահմանապահներին: Կամուրջը ևս ռուս զինվորականների պատվերով է կառուցվել 1877-ին՝ ռուս-թուրքական պատերազմից առաջ: Այս մասին վկայում են արխիվային փաստաթղթերը, որոնք հայտնվել են «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարի հավաքածուում:«Ռուսական զինվորական արխիվից փաստաթղթեր գտանք, որոնք զինվորական հաշվետվություն են Ալեքպոլում 1877-ի ռուս-թուրքական պատերազմի նախաշեմին կատարվող ինժեներական աշխատանքների վերաբերյալ : Փաստաթղթերում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է կառուցվել այս կամուրջը քարտեզներով , տեղանքով, նկարներով և հասկացանք, որ մի քանի տարի հետո, երբ իր հիմնական ռազմական նշանակությունը խաղացել է Կարսի գրավման ժամանակ, Ալեքպոլի գավառում ծառայել է որպես ներքին նշանակության կամուրջ: Այդ կամուրջը հիմա անձեռնմխելի հուշարձան է և ինչպես բոլոր հուշարձանները, ենթակա է պահպանության»,-shantnews-ի հետ զրույցում ասել է «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանը:Կամուրջի ինժեներական աշխատանքների հաշվետվության արխիվային փաստաթղթերը և վերակառուցումից հետո, շահագործման հանձնելու օրն արված լուսանկարը ապացուցում են կամրջի պատմական ու ճարտարապետական նշանակությունը: 1877-ին նույն այս կամրջով է անցել ռուսական բանակը և գրավել Կարսը: Այն եղել է Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ճանապարհը: Իսկ ճարտարապետական լուծումները խոսում են ալեքպոլցի դարբինների յուրօրինակ աշխատանքի մասին:
« Այս կամուրջի յուրահատկությունը նրանում է, որ կառուցված է շատ պինդ և առանց զոդման աշխատանքների, հատուկ ամրակներով: Մոտավորապես դիմանում է մինչև 100 տոննա ծանրությանը: Այդ մասին կրող կոնստրուկցիաների վրա անգամ գրառում կար: Կամուրջը թալանի ընդհանրապես չի ենթարկվել: Վերևի հարկը ծածկված է եղել տախտակներով, որոնք փտել են: Երկաթյա կոնստրուկցիաները լրիվ շահագործման ենթակա են : Մնում է վրայի շերտը փոխել և կարելի է շահագործել նորից կամուրջը»,-shantnews-ին ասել է Առափիի գյուղապետի տեղակալ Ավետիք Պոլեյանը:Անցած տարվա հոկտեմբերին էր «Շիրակ կենտրոնի» ղեկավարը կամրջին պահպանվող հուշարձանի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ է հանդես եկել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է և եկել այն եզրակացության, որ կամուրջը իր տեսակով եզակի կառույց է: Այլևս այն համարվում է տեղական նշանակության նորահայտ հուշարձան: Այս կարգավիճակը նաև նշանակում է, որ այն ենթակա է պահպանության և վերակառուցման դեպքում, ճարտարապետական տեսքը նույնն է լինելու:Առափիի գյուղապետարանը մինչ այս կամրջի վերակառուցման համար երբևէ չի դիմել: 80-ականներին նոր կամուրջ է գյուղում կառուցվել, որը փոխարինել է հնին: Հիմա այն արդեն որպես պատմական հուշարձան ենթակա է վերակառուցման: Շիրակի մարզում բազմաթիվ այլ կառույցներ ու խաչքարեր կան, որոնք հավակնում են նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստանալ:
«Յուրաքանչյուր գյուղում, առանց չափազանցության, որտեղ անգամ եկեղեցի չի պահպանվել, բայց 12-13-րդ դարերի խաչքար կա, ինչ-որ մեկի բակում: Գյուղերից մեկում, որտեղ մենք աշխատում ենք երևի Հայաստանում առաջին պահպանված ձիթհանը կա ՝իր կառույցներով, ձիթհանով: Պետությունը պետք է յուրաքանչյուր գյուղում ցուցակագրի , հաշվառի ինչ ունի, ինչ հուշարձան կա, որն ունիկալ է ու տվյալ ժամանակների կյանքն է արտացոլում »,- ասել է Վահան Թումասյանը:
Շիրակի մարզի այն գյուղերում , որոնք տեղահանությունների չեն ենթարկվել, ըստ մասնագետի, անպայման կգտնվի կառույց կամ այլ ենթակառուցվածք, որը կարելի է համարել հուշարձան: Ինչքան դեռ չբացահայտված կամ չգրանցված հուշարձաններ կան: Ստույգ թիվը հնարավոր կլինի պարզել միայն հաշվառում կատարելուց հետո:
![]()