![]()
Կորոնավիրուսի դեմ շատ արդյունավետ և ոչ թանկարժեք պատվաստանյութ կարող է դառնալ այն պատվաստանյութը, որի հիմքում ընկած է մետաքսագործ թրթուռից ստացված սպիտակուցը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ճապոնիայի Կյուսյուի համալսարանի պրոֆեսոր Տակահիրո Կուսակաբեն: Կորոնավիրուսի մակերեսին կա Spike կոչվող սպիտակուց: 3-ական սպիտակուցներ խմբեր են կազմում՝ ձևավորելով վիրուսի մակերևույթին առկա այն «փշերը», որոնց միջոցով տեղի է ունենում վարակում:
«Շերամորդի միջոցով մենք ստեղծում ենք արհեստական Spike սպիտակուց, որը չափազանց նման է նոր տեսակի կորոնավիրուսի սպիտակուցին, սակայն դրա ներսում վիրուս չկա, այդ պատճառով էլ այն անվնաս է», – ասել է մասնագետը:
Շերամորդի մարմին են ներարկում բակուլովիրուս, որի մեջ ներկառուցված է կորոնավիրուսի գենային ինֆորմացիա. բակուլովիրուսը վարակում է միայն միջատներին, սակայն անվնաս է մարդու համար: Մի քանի օր անց շերամորդի մարմնում «աճում է» սպիտակուցը, որը շատ նման է կորոնավիրուսի Spike սպիտակուցին:
Մասնագետը նշել է, որ այժմ մշակվում է երկու տեսակի պատվաստանյութ՝ ներարկման և բերանով ընդունման համար: Նա հայտնել է, որ բերանով ընդունման առումով խնդիր պետք է որ չլինի, քանի որ ասիական երկրներում մետաքսագործ թրթուռներն օգտագործվում են սննդի մեջ:
Գիտնականը համարում է, որ իր մեթոդը թույլ կտա ստեղծել բարձր արդյունավետությամբ պատվաստանյութ, որի գինը մոտ կլինի գրիպի դեմ պատվաստանյութերի գնին՝ մի քանի տասնյակ դոլար:
Մինչև 2021թ.-ի մարտի 31-ը պատվաստանյութը կփորձարկվի կենդանիների վրա:
![]()