![]()
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լիբանանի համար նախատեսվող օգնությանն, ասել է.
«Առաջին բեռը տանում ենք հենց Լիբանանի ժողովրդի, պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս հայկական համայնքին և ոչ ամբողջ լիբանանյան ժողովրդին: Երկրորդ ինքնաթիռի մեջ համայնքի համար առանձին կլինի պարենամթերք. այն ամենն ինչ-որ համայնքն, ըստ ցուցակի, անհրաժեշտ է համարում: Նույնն էլ՝ երրորդ թռիչքով:
Դա չի նշանակում, որ մենք այսքանով կսահմանափակվենք: Մենք գնում ենք ամսի 13-ին վերադառնալու մտադրությամբ: Դա մեզ կտա 3 լիարժեք աշխատանքային օր՝ համայնքի հետ հանդիպելու, տեղում տիրող իրավիճակին և տրամադրություններին ծանոթանալու համար: Մենք մտածված ձևով ուզում ենք անհատների հետ հանդիպել, այցելել հայաշատ թաղամաս՝ ոչ միայն զուտ ավերածությունը տեսնելու համար, այլ՝ տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների տրամադրություններին, հասկանալու, թե ինչ խնդիրներով են ապրում, ինչ ցանկություն ունեն, որքանով է հայրենադարձության գաղափարն իրենց մոտ ամրապնդված և լուրջ, որովհետև հիմնվելով այն ամենի վրա, ինչ որ տեսնենք, մենք կազմելու ենք մեր հետագա քայլերը»:
Սինանյանի խոսքով՝ կան ցուցակագրված մարդիկ: «Կան մարդիկ, որոնք բացահայտորեն ուզում են գալ, բայց չեն կարող իրենց իրենց հնարավորություններով դա անել, և, հետևաբար, մենք նախատեսում ենք, որ նույնիսկ այս ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան»:Իսկ այն մասին, թե ինչ է արվելու, որ մեր հայրենակիցները հայրենիք գալուց հետո այնուհետև չլքեն Հայաստանը, Զ. Սինանյանն ասել է. «Հայաստանի կառավարությունը , օգտագործելով իր ռեսուրսները, ինչպես նաև մենք, ներգրավելով սփյուռքի ռեսուրսները, հնարավորությունների սահմաններում պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ մեր հայրենակիցները նախընտրեն Հայաստանը և ոչ թե երրորդ երկրներ»:
![]()