![]()
Ախալքալաքում զանգվածային անկարգությունները շարունակվում են։ Tert.am- ին հայտնի դարձավ,որ անկարգությունների պատճառը Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանությունն է։
Ականատեսները պատմեցին,որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։
Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։
Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։
Սպանությանը հաջորդել է մոտ հարյուր մարդու մասնակցությամբ ծեծկռտուքը, ինչի հետևանքով մի քանի անձ գտնվում են վերակենդանացման բաժանմուքում․ դրանց թվում նաև Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նախնական տվյալների հիվանդանոցում մահացել է ևս մեկ անձ։
Հրդեհներն այս պահին մեկուսացված են, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում Ախալքալաքում՝ դեպքի վայրում, հարակից համայնքների ճանապարհներին, հիվանդանոցի տարածքում ու նշված անձանց համայնքներում։
Tert.am-ին հայտնի դարձավ,որ Վարդիկ Մարաբյանը 27 տարեկան էր,ամուսնացել էր վեց ամիս առաջ։
Քաղաքի տարբեր հատվածներում հրդեհված մեքենաներ են, ճանապարհները փակ են, միջադեպերին մասնակցել են մի քանի համայնքների երիտասարդներ, արտահերթ աշխատում է նաև բժշկական հաստատությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, իսկ Վրաստանի խորհրդարանի երեք հայ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց պաշտոնական էջերում միջադեպին անդրադարձ չկար։
![]()
![]()