Վայրի խոզը գողացել է լճի մոտ հանգստացողի նոութբուքը. մերկ տղամարդը մինչև անտառ հետապնդել է «գողին»

Բեռլինի արևմտյան հատվածում գտնվող Տոյֆելսե լճի մոտ վայրի խոզը գողացել է հանգստացողներից մեկի նոութբուքը: Դա նկատելով՝ սարքի տերը սկսել է վազել խոզի ու նրա երկու խոճկորների հետևից, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ տղամարդը կենդանուն հետապնդելու ընթացքում ամբողջովին մերկ է եղել:

Աղբյուրը նկատում է, որ զավեշտալի տեսարանը տեղի է ունեցել մյուս հանգստացողների ծափահարությունների ներքո: Նրանցից մեկը նույնիսկ լուսանկարել է խոզի հետևից վազող նուդիստին: Լուսանկարների հեղինակի խոսքով՝ տղամարդը, այդ կադրերը տեսնելով, ծիծաղել է ու թույլ տվել հրապարակել դրանք:

Նշվում է, որ տղամարդուն հաջողվել է հասնել մինչև անտառ, բռնել խոզին ու հետ վերցնել իր նոութբուքը:

Հայտնի է, որ նոութբուքը եղել է դեղին գույնի տոպրակում և վայրի խոզը, հավանաբար, կարծել է, որ դրանում սնունդ կա, ուստի՝ որոշել է գողանալ այն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ