![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանը հաստատել է, որ 2013 թվականին Բաթումի նավահանգստից ամոնիումի նիտրատով բեռնված նավ է ուղարկել Մոզամբիկ, սակայն այն հայտնվել է Լիբանանում։ Բեռն ուղարկվել է Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։
Բեյրութում առգրավված բեռը փոխադրել է ուկրաինական անձնակազմը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով նավաստիների օգնության «Ассоль» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սվետլանա Ֆաբրիկանտին։
Նրա խոսքով՝ նավը պատկանել է ռուս Իգոր Գրեչուշկինին, կապիտանը նույնպես եղել է ՌԴ քաղաքացի, անձնակազմի մնացած մասը բաղկացած է եղել 7 ուկրաինացիներից։
2013 թվականին Բաթումից Մոզամբիկ ուղևորվելիս նավը տեխնիկական խնդիրների պատճառով մուտք է գործել Բեյրութի նավահանգիստ։
Ֆաբրիկանտը վստահեցրել է, որ Գրեչուշկինը որոշել է նավը չսպասարկել, և արդյունքում նավը չի կարողացել հասնել նպատակակետին։ Լիբանանյան իշխանությունները նավից արձակել են անձնկազմի 4 երիտասարդ անդամի, իսկ հրամանատարական կազմը նավի վրա է մնացել 11 ամիս։
Նշվում է, որ անձնակազմը մնացել է այնտեղ առանց սննդի, առանց աջակցության, ծանր պայմաններում։ Մոզամբիկում բեռին սպասող պատվիրատուն հրաժարվել է այլ նավ գտնել։ Այդուհանդերձ, ավելի ուշ անձնակազմը ստացել է փաստաթղթերն ու կարողացել տուն վերադառնալ, սակայն բեռն առգրավվել է որպես գրավ՝ նավահանգստի ծախսերի համար։ Նավը երկու տարի առաջ ջրասույզ է եղել։
![]()