«Իմ քայլը» խմբակցության նիստը վերաբերել է ՍԴ ապագա դատավորի թեկնածուների ընտրությանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում մանրամասներ հայտնեց խմբակցության այսօրվա նիստից։ Օրակարգի առանցքային հարցը վերաբերել է ՍԴ ապագա դատավորի թեկնածուների ընտրությանը։

«Այսօր քննարկում էինք հարցեր, որոնք վերաբերում էին ՍԴ ապագա դատավորի թեկնածուներին։ Տեսակետներ հնչեցրինք, փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից՝ դրական և բացասական և, յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ քվեարկություն կկատարի կողմ կամ դեմ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Նրա խոսքերով՝ սա ԱԺ-ում տեղի ունեցող հերթական ընտրությունն է, և պետք չէ ծայրահեղականացնել։

«Ես այստեղ ոչ մի ծայրահեղական բան չեմ տեսնում, ուղղակի, պետք է մենք մեր համար սահմանենք չափանիշներ՝ պահպանելով սահմանադրության մեջ ընդգրկված այն չափանիշները, որ թեկնածուն պետք է լինի ապաքաղաքականացված անձ, թեկնածուն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ և որակավորումներ, որպեսզի մոտակա 12 տարվա մեջ իրականացնի սահմանադրական արդարադատություն: Որովհետև մենք ընտրում ենք այսօր, բայց ինքը կարող է լրիվ այլ իշխանության օրոք իրականացնի սահմանադրական արդարադատություն։

Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ մենք ընտրում ենք մի անձի, որը մոտակա 12 տարվա մեջ պետք է պատասխանատվություն կրի Սահմանադրության համար, սահմանադրական արդարադատության համար և այնպիսի արժեքներ պետք է ունենա, որ մեր պետությունը բերի այն բարձունքներին, որ ես և դուք ցանկանում ենք։ Հետևաբար, այդ զգացմամբ մենք մեր որոշումը կկայացնենք»,- ասաց Բաղդասարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ