![]()
«Լիդիան Արմենիան» այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իր տարածքից հեռացրել է երկու տարի այնտեղ ապօրինի տեղակայված վագոն-տնակները:
«Ամուլսարում երկու տարվա անարգել ապօրինությունից իրենց անպատիժ զգացող խմբավորման անդամներն անցել են բացահայտ սպառնալիքների և բռնության հրահրման։ Այսօր «Լիդիան Արմենիան» իր տարածքից հեռացրել է երկու տարի այնտեղ ապօրինի տեղակայված վագոն-տնակները։ Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ապօրինություն իրականացնողները չեն ներկայացնում համայնքը, և այս խմբավորման միակ ապավենը մնացել է բռնությունն ու սադրանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Լիդիանը» կոչ է անում համայնքների բնակիչներին զերծ մնալ օրինախախտների հետ բախումներից։
«Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ապահովել տարածքում օրինականության վերականգնումը, կարգի հրավիրել սպառնալիքներ ու բռնության կոչեր անող խմբավորմանը, այլապես հնարավոր անցանկալի զարգացումների, այդ թվում՝ համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը կրելու են իրավապահ մարմինները»,- ասված է տարածված տեքստում։
Իսկ Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»:
Վայոց ձորի մարզի 7 համայնքի մոտ 12 000 բնակիչ ստորագրել է մետաղական հանքահենությանը դեմ լինելու հանրագրերի տակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:
«Ջերմուկում ակտիվ զբոսաշրջային ժամանակ է, ու դա հավերժ է՝ քանի Ամուլսարին ձեռք չեն տվել։ Ջերմուկցիները չեն փոխի հավերժ բնական աղբյուրը ժամանակավոր ծորակի հետ»,- գրել է Գալստյանը:
Posted by Միքայել Մարգարյան on Tuesday, August 4, 2020
![]()