![]()
Ասֆալտապատվում է Մակարավանք տանող ճանապարհը։ Կատարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Մակարավանքը 13-րդ դարի հայկական վանական համալիր է Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։
Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։ Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։
Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։
![]()