Յոթ վտանգավոր հիվանդություն, որոնք անբուժելի են

Առողջական խնդիրների մասին հուշող ախտանշանների առկայության դեպքում մարդիկ սովորաբար դիմում են բժշկին՝ հուսալով, որ խնդիրը պայմանավորված չէ լուրջ հիվանդությամբ, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ կան շատ վտանգավոր ախտաբանություններ, որոնք դրսևորվում են առաջին հայացքից անվտանգ թվացող ախտանշաններով և շատ վատ են ենթարկվում դեղորայքային բուժման։ Նման հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը դրանց կանխարգելումն է, քանի որ ժամանակակից բժշկությունն ունակ չէ ազատել նման վտանգավոր անբուժելի ախտաբանություններից։

Մասնագետները ներկայացրել են ամենավտանգավոր անբուժելի հիվանդություններից մի քանիսը, որոնց հիմնական դրսևորումներն ու զարգացմանը նպաստող ռիսկային գործոններն իմանալը կօգնի խուսափել դրանցից կամ ժամանակին միջոցներ ձեռնարկել հնարավոր խորացումից խուսափելու համար։

Ալցհեյմերի հիվանդություն

Այս հիվանդությունը զարգանում է նյարդային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով։ Ընդ որում՝ առավել հաճախ այդ փոփոխությունները տեղի են ունենում գլխուղեղում, ինչի հետևանքով էլ հիվանդների մոտ նկատվում են հիշողության, մտածողության ու դատողության հետ կապված խնդիրներ։ Ալցհեյմերի հիվանդության դեպքում տարեց մարդը կարող է նմանվել երեխայի, իսկ անդառնալի փոփոխությունները կարող են հանգեցնել անդամալուծության։ Այս վտանգավոր անբուժելի հիվանդության զարգացմանը նպաստող առանցքային պատճառներն են զարկերակային գերճնշումը, մտավոր աշխատանքը, ֆիզիկական ակտիվության պակասն ու ժառանգական նախատրամադրվածությունը։ Ընդ որում՝ վերջին շրջանում նկատվում է Ալցհեյմերի հիվանդության «երիտասարդացման» միտում. ներկայում այս խանգարումն ախտորոշվում է անգամ 40 տարեկան մարդկանց մոտ, մինչդեռ նախկինում այն համարվում էր 70-ից բարձր տարիքային խմբին բնորոշ հիվանդություն։ Գոյություն ունեցող բոլոր դեղամիջոցներն ուղղված են գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունների արգերակմանն ու այս օրգանի առողջության պահպանմանը, սակայն դրանցից որևէ մեկը չի կարող լիովին բուժել հիվանդին։

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետն այսօր ամենավտանգավոր ու տարածված անբուժելի հիվանդություններից մեկն է, որը զարգանում է ինսուլինի դեֆիցիտի կամ դրա առկայությանն արձագանքող հյուսվածքներում տեղի ունեցող խանգարումների հետևանքով։ Առանց ինսուլինի գլյուկոզան չի հայտնվում բջիջներում և հյուսվածքները չեն ստանում էներգիա։ Արյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, իսկ անոթները, նյարդերը, մաշկը, ներքին օրգաններն ու աչքերի ցանցաթաղանթը՝ վնասվում։ Այս հիվանդության դեպքում ենթաստամոքսային գեղձը կամ հյուսվածքների ընկալիչները վերականգնող դեղամիջոցներ գոյություն չունեն, սակայն ինսուլինի ներարկումներն ու որոշակի դեղորայքի ընդունումն օգնում են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը՝ դրանով իսկ բարելավելով հիվանդների ինքնազգացողությունը։

ՄԻԱՎ և ՁԻԱՀ

Բոլորին էլ հայտնի է, որ ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ն անբուժելի են։ Իմունային անբավարարության վիրուսն ախտահարում է լիմֆոցիտները, ինչի հետևանքով դրանք կորցնում են հակավարակային պաշտպանությունը։ Նման փոփոխություններն օրգանիզմում կարող են հանգեցնել վերջնական փուլին, որի դեպքում հիվանդի մոտ զարգանում է ՁԻԱՀ։ ՁԻԱՀ-ով հիվանդների իմունային համակարգը չափազանց թույլ է լինում, ինչի հետևանքով էլ անգամ ամենաանվտանգ թվացող վարակն օրգանիզմը մեծ դժվարությամբ է հաղթահարում։ Հարկ է նշել, որ ներկայում քչերի մոտ է զարգանում ՁԻԱՀ, քանի որ ճիշտ թերապիան թույլ է տալի երկար տարիներ ապրել ՄԻԱՎ-ով, սակայն այնուամենայնիվ գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կարող է լիովին ազատել ՄԻԱՎ-ից։

Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունը տարիքի հետ աստիճանաբար խորացող հիվանդություն է, որը չի հանգեցնում մահվան, սակայն կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Այս հիվանդության ֆոնին կարող են զարգանալ տարատեսակ նյարդաբանական բարդություններ, այդ թվում նաև վնասվածքներ, ինչը կարող է վտանգավոր լինել կյանքի համար։ Պարկինսոնի հիվանդության հիմնական ախտանշաններն են ձեռքերի ու գլխի դողը, ինչը ժամանակի ընթացքում միայն էլ ավելի է խորանում ու դառնում է շատ ավելի ակնհայտ։ Այս հիվանդության դեպքում բուժման որոշակի սխեմա գոյություն չունի, քանի որ դեղորայքը նշանակում են անհատական առանձնահատկություններից ելնելով, սակայն գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կօգնի լիովին ապաքինվել Պարկինսոնի հիվանդության դեպքում։

Ցրված սկլերոզ

Բժիշկներին չի հաջողվում պարզել այս ախտաբանության զարգացման մեխանիզմները, սակայն հայտնի է, որ այն նյարդային համակարգն ախտահարող աուտոիմունային հիվանդություն է։ Ցրված սկլերոզի զարգացմանը նպաստող ռիսկային գործոնների շարքին են դասվում գենետիկական նախատրամադրվածությունը, էկոլոգիան, վիրուսներն ու այդ գործոնների համադրությունը։ Ցրված սկլերոզի դեպքում իմունային բջիջները հարձակվում են առողջ նեյրոնների վրա, ինչի հետևանքով դրանք աստիճանաբար ոչնչանում են։ Հիվանդության մասին հուշող ախտանշաններն են տեսողության վատթարացումը, ընդհանուր կաշկանդվածությունը, քայլելու հետ կապված խնդիրները, ցավն ու գլխապտույտի նոպաները։ Գոյություն ունեն որոշակի դեղամիջոցներ, որոնք օգնում են արգելակել հիվանդության զարգացումը, սակայն դրանք չեն կարող լիովին բուժել։

Պոլիոմիելիտ

Տարիներ առաջ այս հիվանդությունը հազարավոր երեխաների հաշմանդամության պատճառ էր դառնում։ Պոլիոմիելիտի հետևանքով տարեկան մոտ 15 հազար երեխայի մոտ ստորին վերջույթների լուծանք էր տեղի ունենում։ Ներկայում կան պատվաստանյութեր, որոնք օգնում են նվազեցնել հիվանդանալու հավանականությունը, սակայն հիվանդությունը բուժող դեղամիջոց առ այսօր չի ստեղծվել։

Ասթմա

Բրոնխիալ ասթման բավական տարածված խնդիր է, որը նույնպես համարվում է անբուժելի։ Գոյություն ունեն դեղամիջոցներ ու թերապիաներ, որոնք նախատեսված են հիվանդության ախտանշանները մեղմելու համար, սակայն դրա լիարժեք բուժման համար որևէ միջոց առ այսօր գոյություն չունի։ Սա է պատճառը, որ բորբոքային գործընթացների ակտիվությունը չնվազեցնելու դեպքում հիվանդության ախտանշանները, այդ թվում՝ հևոցը, հազը, ձայնի խռպոտությունն ու շնչահեղձության զգացումը կկրկնվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ