«Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը». ՍԴ դատավորի թեկնածու

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ շուրջ երեք ժամ ընթացած քննարկման ժամանակ պատգամավորները հասցրել են տալ բոլոր հետաքրքրող հարցերը: ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ իր տված պատասխանները կօգնեն պատգամավորիներին կազմել մոտեցում հետագա գործընթացների ու զարգացումների մասին:

Հարցին, որ հայրը եղել է դատավոր «Մարտի 1-ի» գործով և տուժողների իրավահաջորդները մտավախություն ունեն Ավետիսյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հավանականության շուրջ, թեկնածուն նշեց, որ չի պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանում առկա դատական խնդիրներն ու չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը:

«Հորս հետ կապված նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել դատարանի գործառույթը, արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործը քննող դատարան է, թե ոչ: Արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր ու իր հոր հետ կապված որևէ վեճ հասնի Սահմանադրական դատարան, ապա «ՍԴ մասին» օրենքը հստակ հարաբերությունները կարգավորում է: Շահերի բախման դեպքում դա հանդիսանում է տվյալ գործով անհամատեղելիության հիմք և միջնորդավորված էլ չի կարող մասնակցել:

Ավետիսյանը նշեց, որ այս պահին իր թեկնածության առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում ու խորհուրդ տվեց սպասել իրադարձությունների զարգացմանը:

Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2008-ին դատախազությունում աշխատանքի անցնելուց հետո է շփվել, որը եղել է շատ կարճ ժամանակահատված՝ նշեց ՍԴ թեկնածուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ