«ՌԴ-ի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե՝ առանձին քաղաքական գործիչներ»․ վարչապետ

РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ սկանդալային գրառմանը, ինչը հայկական շրջանակներում և Հայաստանում բացասական արձագանք էր գտել:

Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնակիցը հանդիսանում է հայ ժողովուրդը և ոչ թե առանձին քաղաքական գործիչներ:

Հուլիսի 18-ին Telegram-ի իր ալիքում Մարգարիտա Սիմոնյանը մասնավորապես շոշափել էր «Հայաստանի հանդեպ Ռուսաստանի երկարամյա բարության ու պաշտպանությանն ի պատասխան» Հայաստանի կողմից Ղրիմը չճանաչելու թեմային:

«Հայաստանը չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյոք դա նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ: Սակայն, միաժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն անվտանգային մեկ տարածք են»,- ի պատասխան Սիմոնյանի գրառման հայտարարել է ՀՀ վարչապետը:

Մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Մարգարիտա Սիմոնյանի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է.

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն. դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Սա շատ կարևոր նրբություն է»:

Անդրադառնալով ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքին՝ ՀՀ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ այդ կազմակերպություններն իրենց աշխատանքը սկսել են 2018-ին իր իշխանության գալուց շատ տարիներ առաջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ