![]()
Մեզ ավելի մեծ մեղք են վերագրում․ ասում են «Հայ գրականությունից» հանում եք «հայ» բառը․ չեմ կարողանում հասկանալ, թե այսչափ մեծ կեղծիքը որտեղից է գալիս։ Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում՝ «Հայ գրականություն» առարկայից դուք հանո՞ւմ եք մեր մեծերին՝ Մաշտոցին, Նարեկացուն» հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ընդ որում, այս սուտն ու կեղծիքը հնչում է կարեւոր բուհական ու հետազոտական կենտրոններից, երբ դու նույնիսկ հերքում ես, թե այդպիսի բան չկա, նրանք շարունակում են դա անել։ Սույն պարոնը, որ ամենաշատն է քննադատում, Դավիթ Գասպարյանը ժամանակին դասագիրք է հրապարակել, որի վերնագրում հայ բառ չկա, նույնը 8-րդ, նույնը 9-րդ դասարանում։ Նրանք չեն հաջողելու։ Ես հասկանում եմ, մարդկանց մի մեծ խումբ, որ նախիկնում դասագրքեր է գրել եւ «ապահովել է» մեր զարգացումը կամ չզարգացումը, հիմա դուրս է մնացել այդ գործընթացներից։ Ավելին, մենք բավականին մեծ թվով ուսուցիչներ ենք ներգրավել այս պրոցեսում, նրանք, որ ամենաշատն են շփվում աշակերտների հետ, նրանք կարող են լավագույն լուծումներն առաջարկել։ Վերջին օրերին 6 հազար ուսուցչի հետ քննարկում ենք ունեցել, ինչը երբեք տեղի չի ունեցել», ասել է ԿԳՄՍ նախարարը։
«Մեր մեծերն, ի վերջո, լինելու են, թե ոչ», հարցին Արայիկ Հարությունյանը պատասխանել է՝ «բոլորն են լինելու»։
«Մենք հերքել ենք այդ տեղեկությունները, որ նրանք դուրս են գալիս դասագրքերից, բայց կեղծիքները մամուլում շարունակվում են։ Ես մեր հանրությանն ուզում եմ կոչ անել՝ չտրվել սադրանքներին, այդպիսի բան չկա։ Խոսում են, թե հայրենասիրություն բառը չկա չափորոշիչներում։ Ուզում եմ հարցնել՝ այդ բա՞ռն էր ձեզ օգնում կեղծել մեր վերջին 30 տարվա պատմությունը։ Ես մեկ օրինակ կարող եմ բերել․ ես ասացի, որ չենք ուզում այս իշխանությանը հաճո բաներ գրվեն, բայց ինձ լուրեր հասան, որ նույն այդ մարդիկ պատրաստ են գրել 180 տոկոսով հակառակը։ Մենք թույլ չենք տալու, որ կեղծ հայրենասիրությամբ այդպիսի բաներ անեն, պետք է այս եզրույթը քիչ կիրառել, որ չարժեզրկվեն, լավ հայրենասիրությունը՝ լավ քաղաքացի դաստիարակելն է, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող քաղաքացի դաստիարակելն է։ Եվ այդ հայերնասիրությունը ավելի մեծ տեղ կունենա մեր հասարակության մեջ, քան այն կեղծ հայրենասիրությունը, որ դավանել է մարդկանց այդ խումբը», ասել է ԿԳՄՍ նախարարը։
Խոսելով դասագրքերում ժամանակակից գրողներին ներկայացնելու թեմայով, Արայիկ Հարությունյանն ասել է, թե սարսափելի է այն ոճը, որով քննարկվում է այս հարցը․
«Ես հիմա հասկանում եմ, որ այդպիսի մարդիկ, 30-ական թվականներին իրենց ժամանակակից գրողներին էին քննադատում, ավելին, «դանոսներ» գրում, որոնց արդյունքում, օրինակ, Չարենցն ու Բակունցը գնդակահարվում էին։ Հիմա պարզապես այլ պայմաններ են, եւ սոցիալական ցանցերում գռեհիկ եւ անընդունելի ոճով գրում են այն ամենի մասին, այն փոփոխոթւյունների ու ժամանակակից գրողների մասին, ինչը ժամանակը պետք է ցույց տա, որ արժանի են»։
«Հայկականության դեմ դավադրություն չկա՞», հարցրել է վարողը, «ընդհակառակը»՝ պատասխանել է նախարարը․
««Ես եւ իմ հայրենիքը» առարկան հերթով անցնում է մեր էպոսի, մեր հերոսների, մեզ համար շատ թանկ հերոսների կյանքով, սյուժեներով ցույց ենք տալիս մեր հասարակության անցած ճանապարհը պատմության ընթացքում եւ ապագայի համար ենք նախանշում, թե ինչ արժեքներ են կարեւորվում մեզ համար, համակեցության կանոններով ապրող հասարակության համար, ուժեղ հասարակություն ունենալու, աշխարհին նոր խոսք ասող հասարակություն ունենալու համար», ասել է Արայիկ Հարությունյանը։
![]()