Բեռնատարի վարորդը 1,5 մլն ռուբլին ծախսել է, հետո ահազանգել, թե գողություն է եղել

Հուլիսի 24-ին ոստիկանության Սեւանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։ Վաղարշապատում բնակվող 38-ամյա վարորդը ահազանգել էր «911» ծառայություն եւ հայտնել, որ մեքենայից 1 միլիոն 500 հազար ռուբլի են գողացել։ Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Սեւանի բաժին։

Դեպքի վայր հասած օպերատիվ խումբը նրանից հաղորդում ընդունեց, ապա Սեւանի ոստիկանները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացան Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ ոչ մի գողություն էլ չի եղել. Վարորդը այլ անձի պատկանող ապրանք է տեղափոխել արտերկիր, որտեղ նրան գումար են տվել՝ ապրանքի տիրոջը փոխանցելու։

38-ամյա տղամարդը գումարը կարիքների համար ծախսել է, եւ, հետագա անախորժություններից խուսափելու համար խառնշտել է բեռնատարի սրահը, գողության տպավորություն ստեղծել ու ահազանգել։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ