![]()
Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել: Ֆեյսբուքյան օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին է վարակվել:
«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։
Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37317 դեպք, որոնցից 26478-ն` առողջացած, 705-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157152 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 321 նոր դեպք և 235 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
![]()