![]()
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, սերժանտ Յուրի Փարամազյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։
Յուրին զոհվեց ապրիլի 2-ին՝ Մատաղիսի զորամասում տեղի ունեցած հրետակոծության ժամանակ, ծառայակիցների վկայությամբ՝ հերոսաբար փրկելով նորակոչիկների կյանքը:
Հետմահու ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մարտունու Վ. Խաչատրյանի անվան ուսումնարանի լսարաններից մեկը 2017թ. անվանակոչվել է Յուրի Փարամազյանի անունով:
«Դիրքերում չէր, հանգիստ էինք, բայց հետը չէինք կարողանում կապվել: Ոչ մեկ մեզ հստակ բան չէր ասում: Ես զանգեցի այդ զորամասում աշխատող իմ ընկերոջը, նա սկսեց կմկմալ, ես էլ ասացի` զինվորականներ ենք, ուղիղ ասա ու էդպես իմացանք, բայց մորն ամենավերջում ենք ասել»,- պատմում է Անատոլի Փարամազյանը` պաշտպանության բանակում 23 տարի ծառայած զինվորականը:
Հայրը զինվորականին հատուկ զսպվածությամբ է խոսում Յուրիի մասին, միայն կցանկանար, որ որդու մահվան մանրամասներն իմանային. «Ասում են` ադրբեջանցիները խփել են հենց պոլկին, Յուրին` որպես կրտսեր սերժանտ, իր նորակոչիկներից երկուսին պաշտպանելու համար իր վրա է վերցրել հարվածը ու զոհվել»:
Տիկին Գայանեն հիշում է, որ վեց ամիս որդին դիրքերում է եղել` գրեթե առանց հանգստանալու փայլուն կատարել դիրքի ավագի պարտականությունները:
«Ծառայությունից գոհ էր, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում շատ տխուր էր, երեւի մի բան զգում էր: Մարտի 5-ին երկու օրով եկել էր արձակուրդ, հետո անընդհատ ասում էր` մամ, ինչի՞ երկար չմնացի: Գնալու օրն էլ Յուրին գնաց ու երեք խաղալիք մեքենա առավ ախպոր երեխայի համար, երեւի տղայիս սիրտը մի բան վկայում էր»,- ասում է մայրը` չկարողանալով զսպել արցունքները:
![]()