Մակրոնի որոշումը վարչապետ Փաշինյանի ելույթի ֆոնին

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հերթական անգամ կոշտ ելույթ է ունեցել միջերկրածովյան ավազանը Թուրքիայից պաշտպանելու թեմայով, նշելով, թե պատրաստվում է հրավիրել հարավի Վեհաժողով եւ քննարկել միջերկրածովյան անվտանգության հարցը:

Մակրոնի հայտարարության ֆոնին հետաքրքիր է հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա խոսում էր Թուրքիայի զսպման հարցում քաղաքականությունը փոխելու եւ նոր ձեւաչափերին մասնակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Արդյոք Երեւանն ու Փարիզը քննարկել են Մակրոնի հնարավոր մտադրությունն ավելի վաղ: Մասնավորապես, հայտնի է, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին աջակցության ուղերձ էր հղել:

Փարիզը հրավեր կուղղի՞ Երեւանին՝ Հարավի Վեհաժողովին մասնակցելու համար: Հայաստանը միջերկրածովյան պետություն չէ, բայց Երեւանը 2019 թվականի մարտին նախաձեռնեց երկու միջերկրական երկրների՝ Հունաստանի եւ Կիպրոսի հետ եռակողմ գործակցության ձեւաչափը, որի առաջին Վեհաժողովը պետք է 2020 թվականի սկզբին լիներ Երեւանում, սակայն համաճարակը փոխեց ծրագրերը:

Միեւնույն ժամանակ, միջերկրածովյան անվտանգության խնդիրը չի կարող սահմանափակվել լոկ առափնյա շրջագծով, հաշվի առնելով նաեւ այն, որ Թուրքիան էլ իր ռազմավարությունն ամենեւին չի կառուցում միագիծ եւ խաղում է անվտանգային տարբեր առանցքային ուղղություններով, այդ թվում Կովկասի:

Այլ կերպ ասած, Թուրքիայի զսպման խնդիրը ենթադրում է անվտանգության դիապազոնի ամբողջական ընդգրկում, հատկապես նկատի ունենալով եւ այն, որ այդ համատեքստում իրավա-պայմանագրային քաղաքական «թղթապանակի» տեսանկյունից ամենից ծանրակշիռը թերեւս հայկական հարցն է: Դա մատնում է նաեւ Էրդողանի մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձած որոշումը՝ ստեղծել հայկական հարցի միջազգային շրջանառության հակազդման հատուկ կառույց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ