![]()
Ամեն մարդ ունի հայրենիքը սիրելու իր բանաձևը, ամեն քաղաքացի՝ պետությանը ինչպես ծառայելու իր ընտրությունը։ Ով որտեղ է կռիվ տալիս, ով ինչ է ստեղծում , արարում ու էս երկրին ու պետությանը օգուտ տալիս, էտ ժամանակի քննության ընթացքում շատ պարզ երևում է։ Բայց վերջին ժամանակներում հայրենիք սիրելը էնպես մի թրենդային բան է դարձել, որ ով ինչպես կարողանում է, էս հայրենիքը սիրում է։ Մեկը՝ փողոցը աղտոտելով, մեկը՝ ծառը կտրելով, մյուսը՝ քարն ու ավազը գողանալով։
Բայց․․․
Հայրենիքը սկսվում է սահմանից , հայրենիքիդ հանդեպ սերը՝ սկսիր սահմանից։ Սահմանին ոչ թե Քուչակ են արտասանում ու թշնամու հետ Քուչակով կռվում, այլ զենքով են կռվում։ Հա բան չասեցի՝ թշնամին լիներ ֆրանսիացի կամ իտալացի, կարելի էր սահմանի բերան մի բաժակ սուրճի շուրջ Սևակ էլ արտասանել , Մինասի գույներով հիանալ ու էտպես կռիվ տալով էլի հաստատ հաղթող էինք․ հարուստ մշակույթ ունենք։
Է հա, բայց թշնամին մի քոչվոր անգրագետ ազգ է, ոչ պատմություն ունի, ոչ գրականություն, ոչ էլ մարդկային լեզու է հասկանում, նավթ ունի, շատ փող ունի, աշխարհում ինչքան թանկ ու վտանգավոր խաղալիք կա գնում ու սահմանին խաղ է անում։ Դե արի սրա ականջին հա ասա , որ մեր Ֆրիկը , մեր Քուչակը, մեր Պեշիկթաշլյանն ու էլի էսպես հզորներ մեզ համար ու աշխարհի համար անգնահատելի ժառանգություն են թողել։
Մարդին մին ասա, էշին՝ հազար ու մին․․․
Ախ էս ինչքան է փոխվել աշխարհիս բանը, մարդիկ կռվում են գիտությամբ, էլ ոչ մեկի պետքը չի՝ դու որ թվից էս այս աշխարհում ապրում, քանի էջ գիր ու գրականություն ունես։ Բոլորին մի բան է հետաքրքրիր՝ պետականությունդ ինչքան ամուր է։
Դպրոցի նստարանը այս կյանքում մարդու համար կավի վառարան է․ հում մտնում ես և այնտեղ 12 տարի թրծվում, ամրանում ու դեպի մեծ կյանք․ այն ինչ կսովորես դպրոցում, էլ երբեք չկարծես , որ կսովորես մեկ այլ տեղ։ Այսօր փոխվում են դպրոցի առարկայական չափորոշիչները, ով ինչպես կարողացավ արտահայտվեց, ցեխն առած իրա երեսի շպրտեցին, պարզվում է դպրոցում Արփիար Արփիարյան չեն անցնելու, վույ- վույ, աման-աման, լուրջ՝ էս ինչ կործնարար քայլ․․․ կործանվեցինք, վերացանք․․․
Ծիծաղելի մի եղեք բարեկամներ, դպրոցը երեխային ծանոթացնելու , զարգացնելու, ստեղծագործելու հնարավորության տեղ է, այստեղ ուղեղներ չենք զոմբիացնում անգիրներով, քարացած մտքերով։ Այստեղ աշակերտը պետք է սովորի իր պետությունը, իր ազգը սիրել իր աշխատանքով, իր ստեղծագործ մտքով։
Իսկ ով է ասել , որ բոլորը պետք է հայրենիքը սիրեն էնպես, ինչպես Խորենացին, Սևակը, Մամիկոնյանը կամ Պապ թագավորը։ Գուցե ես իմ հայրենիքը սիրելու այլ բանաձև ունեմ, թողեք ես ինքս ընտրեմ , գտնեմ և կազմեմ հայրենիք սիրելու իմ բանաձևը, մի հոգնեցրեք ինձ՝ ձեր պարտադրված մտքերը անգիր անելով։
Ու այս ամենի հետ մեկտեղ, սիրելի բարեկամ, եթե դու մի բան ես մտածում, ես՝ այլ բան, դեռ մեծ հարց է՝ ով է ճիշտ, ով՝ սխալ․․․
![]()