«Ադրբեջանցիք գոռում էին՝ հայեր են, դանակը սիրտը մտցրեք…». դեպքից տուժածները մանրամասներ են հայտնում

Երեկ գիշեր Մոսկվայի Լյուբլինսկայա և Նիժնիե Պոլյա փողոցների խաչմերուկում ադրբեջանցիների հարձակումից տուժած երկու հայ երիտասարդները՝ Էրիկ Անանյանը և Գարիկ Գիրգորյանը քիչ առաջ դուրս եկան ոստիկանությունից, որտեղ գտնվում էին արդեն ութ ժամ՝ հարցաքննության նպատակով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երիտասարդները պատմեցին, որ երեկ երեկոյան ժամը 22-00-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալիս են հարձակման ենթարկվել: Շրջապատելով BMW մակնիշի մեքենան ադրբեջանցիները նախ ծեծի են ենթարկել նրանց, ապա դանակով հարվածել Գարիկ Գրիգորյանին թիկունքին: Հարձակման հետեւանքով Էրիկը ստացել է դիմածնոտային եւ կողոսկրերի կոտրվածք:

«Ես ծնվել եմ Սումգայիթում եւ շատ լավ գիտեմ ադրբեջաներեն: Նրանք հարվածում էին մեզ ու գոռում՝ հայեր են, դանակը սիրտը մտցրեք, սպանեք»,- մեր զրույցում պատմեց Էրիկը: Երիտասարդները ասացին, որ ոստիկանության բաժանմունքում էին նաև բերման ենթարկված ադրբեջանցիները, որոնց իրենք ճանաչել են: Կազմվել է արձանագրություն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մոսկվայի հյուսիս-արևելյան թևում գտնվող Լյուբլինո և Բրատիսլավսկայա թաղամասերում, որոնք ի դեպ ամենախիտն են բնակեցված հայերով, երեկ գիշեր միաժամանակ տեղի է ունեցել հարձակում՝ հայկական համարանիշներով երկու տարբեր BMW և KIA մակնիշի մեքենաների վրա, տարբեր հասցեներում կայանված: Երկու մեքենաներն էլ ջուդուփշուր են արվել, մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել տասից ավելի քաղաքացիներ: Մոտ հիսուն մարդ բերման է ենթարկվել:

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց, հաղորդում է Mash Telegram-ալիքը։

«Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։ Երիտասարդ տղամարդը պարզապես նստած էր մեքենայի մեջ, նրան մոտեցել էր բազմությունն ու հարձակվել։

Գրիգորյանը դիմել էր հիվանդանոց եւ դիմում ներկայացրել։ Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատը բերման է ենթարկել հարձակվածներից մեկին, այնուհետեւ եւս վեց մարդու։ Գործողությունն իրականացվել է ամբողջ քաղաքում։

Այժմ հետախուզվում են բոլոր մասնակիցները։ Հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հատկանիշներով, որով իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։ Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»-ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ